ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի ցուցանիշները
Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-մարտ ամիսների սպառողական գների ինդեքսը: Հայաստանում այս տարվա մարտ ամսին, 2017-ի մարտի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, գնաճը 3.7% է կազմել: Իսկ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, 0.1% գնաճ է արձանագրվել: Այս 0.1% գնաճը Ազգային վիճակագրական ծառայությունը պայմանավորում է ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայությունների սակագների 0.3% հավելաճով: Ըստ ԱՎԾ-ի՝ ոչ պարենային ապրանքների գնաճն այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կազմվել է 5%:
Ընդհանուր սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ ապրանքախմբի գնաճը այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կազմել է 4.7%, իսկ մարտին, փետրվարի համեմատ, մի բան էլ գնանկում է եղել, այն կազմել է ընդամենը 0.1%:
Այս տարվա մարտին, կրկին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենաշատ թանկացումները եղել են տրանսպորտի ոլորտում: Ըստ ԱՎԾ-ի՝ տրանսպորտի ոլորտի գնաճը նշված ժամանակահատվածում կազմել է 9.8%, իսկ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, տրանսպորտի ոլորտում թանկացումները կազմել են 0.4%:
Բարձր գնաճ է արձանագրվել նաեւ հագուստի ու կոշիկի շուկայում. այստեղ մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, գնաճը կազմել է 6.3%, մարտին՝ փետրվարի համեմատ, 1.5%:
Ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում թանկացումները մարտին 3.7% են կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ մարտ ամսին, փետրվարի համեմատ, այս ապրանքների գնաճը կազմել է 0.1%:
Առողջապահության ոլորտում 2018-ի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, գնաճը 4.9% է կազմել, մարտին՝ փետրվարի համեմատ, 1.2%:
Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակների թանկացումներն այս տարվա մարտին, նախորդի համեմատ, կազմել են 0.3%, իսկ մարտին, փետրվարի համեմատ, 0.2% գնանկում է գրանցվել:
Ըստ ԱՎԾ-ի՝ հանգստի եւ մշակույթի ոլորտում գնաճը մարտին, նախորդ մարտի համեմատ, կազմել է 4.0%, իսկ մարտին, փետրվարի համեմատ, 0.4% գնանկում է եղել: Կրթության ոլորտում գնաճը այս տարվա մարտին, նախորդ տարվա համեմատ, կազմել է 2.4%:
Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, արձանագրված սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկման վրա ազդեցությունը ԱՎԾ-ն պայմանավորում է բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի՝ համապատասխանաբար՝ 3.1% եւ 2.0% գնանկումով: Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գներն անփոփոխ են եղել, իսկ 2018-ի փետրվարի համեմատ գրանցվել է 3.1% գնանկում:
Հայաստանի բոլոր քաղաքներում, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, բանջարեղենի գները նվազել են 5.5-1.0%-ով: Երեւանում բանջարեղենի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.6%-ով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2018-ի մարտին, 2017-ի մարտի համեմատ, արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ այս տարվա փետրվարի համեմատ` 2.0% գնակում, եւ ԱՎԾ-ն այս ցուցանիշը պայմանավորում է ձվի 6.9% գնանկումով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2018-ի մարտին, փետրվարի համեմատ, կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում գրանցվել է 2.6-0.8% գնանկում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի, ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.1%-ով:
Մսամթերքն այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, 13.3%-ով թանկացել է, իսկ մարտին, փետրվարի համեմատ, 0.2% գնանկում է եղել:
ԱՎԾ ցուցանիշների համաձայն՝ շաքարի եւ շաքարավազի ոլորտում այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, գրանցվել է 9.3% գնանկում, իսկ այս տարվա մարտին՝ փետրվարի համեմատ, 0.1% գնաճ:
Բոլոր քաղաքներում, ինչպես ներկայացնում է ԱՎԾ-ն, 2018-ի մարտին, փետրվարի համեմատ, գնաճ է արձանագրվել մրգի շուկայում. այս ոլորտում գնաճը կազմել է 2.5-17.4%, այդ թվում՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արտաշատ քաղաքում: Իսկ Երեւանում մրգի գների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 11.1%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է յուղերի եւ ճարպերի 14.4% գնաճ, իսկ մարտին՝ փետրվարի համեմատ, 1.5% գնաճ: Սա, ինչպես վստահեցնում է ԱՎԾ-ն, հիմնականում կարագի 1.8% գնաճի հետեւանք է:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018-ի մարտին, փետրվարի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 0.1%-ով: Իսկ այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 19.3% եւ 26.6% գնաճ:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
06.04.2018