Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպային, ով զենքը փոխանցել էր զինվորին, մեղադրանք չեն առաջադրել

Ապրիլ 07,2018 15:00

Կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին դիրքերում պատճառվել էր գլխի՝ հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում: Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Ստեփանակերտի զինհոսպիտալ, ապա 2017թ. հունվարի 24-ին՝ Երեւանի կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ: 2017թ. մարտի 1-ին ստացած հրազենային վիրավորման հետեւանքով նա մահացել էր:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են զինվոր Գուրգեն Սարգսյանին մահ պատճառելու վերաբերյալ գործով դատական նիստերը, հարցաքննվում են վկաները:

Ամբաստանյալի աթոռին զենքի կանոնների խախտման մեղադրանքով մեկ անձ է հայտնվել՝ Գարեն Հովհաննիսյանը, իսկ սպային, ով զենքը փոխանցել էր զինվորին, մեղադրանք չեն առաջադրել:

Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղից տուժողի հայրը՝ Հարություն Սարգսյանը, բողոք է ներկայացրել դատարան, հայտնելով, թե պահանջել է 1-ին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ն.Հովսեփյանի՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 21.10.2017թ. որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ Զինվորական դատախազ Վ.Հարությունյանի՝ բողոքը մերժելու մասին, 21.12.2017թ.-ի որոշումը վերացնել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ն.Հովսեփյանի վարույթում է քննվել որդուս մահ պատճառելու վերաբերյալ քրեական գործը, որի քննության արդյունքում քննիչ Ն.Հովսեփյանը Աշոտ Պետրոսյանի գործողություններում չտեսնելով հանցակազմ, նրան մեղադրանք չէր առաջադրել, հետեւապես, սույն նյութերի քննության արդյունքում անձնական շահագրգռվածության արդյունքում չէր կարող գալ այլ հետեւության: Նյութերի նախապատրաստումը տեղի չի ունեցել անկախ եւ անկողմնակալ քննիչի կողմից, որպիսի պայմաններում արդեն իսկ անկախ ձեռք բերվելիք նյութերից՝ փաստական տվյալներից, կանխատեսելի էր, որ քննիչ Ն.Հովսեփյանի կողմից չի կարող օբյեկտիվ որոշում կայացվել»,-բողոքում հայտնում է զինվորի հայրը:

Իսկ դատախազը հաստատել է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը:
Զինվորի հայրը պնդում է, որ որոշումը ենթակա է վերացման. «Նախ, տվյալ անձի ազգանունը ոչ թե Պետրոսյան է, այլ Պողոսյան, հետեւապես որոշում պետք է կայացվեր Աշոտ Պողոսյանի վերաբերյալ»:

Իրավահաջորդի փաստաբան-ներկայացուցչի դիտարկմամբ էլ, օրենքով նախատեսված է քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին. «Մինչդեռ այս գործով, քննիչ Ն.Հովսեփյանը որոշմամբ չի նշել, որ առկա է քրեական գործ հարուցելու առիթի անօրինական լինելու փաստը, ինչպես նաեւ հաստատված է համարել, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքը, այլապես քրեական գործի հարուցումը կմերժվեր՝ հանցադեպի բացակայության հիմքով եւ ոչ թե հանցակազմի:
Հետեւապես, առկա է ինչպես քրեական գործ հարուցելու օրինական առիթը՝ հանցագործության մասին ֆիզիկական անձի դիմումը, այնպես էլ հիմքը՝ հանցագործության դեպքը, Աշոտ Պողոսյանի կողմից զենքը սահմանված կարգի խախտմամբ այլ անձի փոխանցելու դեպքը, որի հետեւանքով առաջացել է մարդկային զոհ»:

Ըստ Հարություն Սարգսյանի էլ. «Գործի փաստական հանգամանքներից հետեւում է, որ լեյտենանտ Աշոտ Պողոսյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 817818 համարի ինքնաձիգը փոխանցել է առույգ հերթափոխում գտնվող, ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հովիկի Սարգսյանին եւ կարգադրել կազմակերպելու ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը, որից հետո գնացել է զուգարան: Կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը շարքային Վլադիմիր Սարգսյանից վերցրել է նշված ինքնաձիգը եւ գնացել կացարան՝ ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափման գործընթացը կատարելու համար: Կրտսեր սերժանտ Գարեն Հովհաննիսյանը մտնելով կացարան, խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, առանց պահեստատուփը հանելու քաշել է փակաղակը եւ ստուգիչ կրակոց արձակել, որի արդյունքում արձակած կրակոցից իրենից շուրջ 1,5 մետր հեռավորության վրա կանգնած վիճակում գտնվող կապավոր, շարքային Գուրգեն Սարգսյանին պատճառել է գլխի՝ հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորում»:
Այսինքն, Պողոսյանը լինելով զինծառայող, դասակի համանատար եւ կոչումով լեյտենանտ, իրեն վստահված զենքը սահմանված կարգի խախտմամբ՝ այն է՝ իրեն ամրակցված զենքը անձամբ չի լիցքաթափել, այլ այն լիցքաթափման համար ենթակային է հանձնել: Հետեւաբար, տուժող կողմի կարծիքով, Աշոտ Պողոսյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարք:

Այն է՝ զենքը սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին՝ զինծառայողին հանձնելը, որի իրավունքը չուներ: Արդյունքում՝ մարդկային զոհ, ծանր հետեւանք:
Անդրադառնալով նյութերի նախապատրաստման ընթացքին, տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ «հարցաքննված անձինք՝ Վ. Սարգսյանը, Գ.Հովհաննիսյանը եւ այլն, իրենց բացատրություններում նշում են, թե իբր Աշոտ Պողոսյանը ստուգիչ լիցքաթափման նպատակով ինքնաձիգը փոխանցել է ոչ թե Գարեն Հովհաննիսյանին, այլ մեկ այլ զինծառայողի՝ շարքային Վ. Սարգսյանին, սակայն թիվ 90950417 քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս, լեյտենանտ Աշոտ Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն ամրակցված ինքնաձիգը, մարտական դիրքից վերադառնալուց հետո, ինքը տվել է Գարենին: Ամբաստանյալն էլ հայտարարել է, որ սպան իրեն է փոխանցել զենքը ստուգիչ լիցքաթափում իրականցնելու համար»:

Քննիչի որոշումը բողոքարկել էր, իսկ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանն էլ որոշել է. Հարություն Սարգսյանի բերված բողոքը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30