Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դուռն էլ ընդհանրապես փակվեց լրագրողների համար

Ապրիլ 07,2018 14:30
dat

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 98 կողմ ձայնով ընդունել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից նախագծերի փաթեթը: Դեմ չի եղել:
Մի քանի օրից՝ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտնում նոր օրենքը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցնում է փակ ռեժիմի, մասնավորապես 374-րդ հոդվածով նախատեսվել է, այսպես ասած՝ «գրավոր» ընթացակարգ, որն այդ օրենքի իմաստով նշանակում է, որ բողոքը դատական նիստում չի քննվելու, որոշակի երկու բացառությունով։ Օրինակ, գրավոր ընթացակարգ է գործում նաեւ ՍԴ-ում, բայց այնտեղ կողմերը ծանուցվում են եւ կարող են մասնակցել նիստին, որպեսզի տեսնեն ինչպես է իրականացվում արդարադատությունը, իսկ լրագրողներն էլ լուսաբանեն այն։ Այս դեպքում դա չի լինելու։

Իհարկե, սա շատ լավ է այն դատավորների համար, ովքեր քիչ առնչություն ունեն արդարության եւ ճշմարտության հետ։ Անձնական փորձից կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում որոշ դատավորներ նիստերի դահլիճ էին գալիս գործի նյութերն այն աստիճանի չուսումնասիրած, որ առաջարկում էին բողոք բերողին ներկայացնել իր բողոքը, անիմաստ ու աննպատակ «հաշտություն էին» պարտադրում կողմերին, շատ լավ իմանալով, որ կոնկրետ դեպքում հաշտություն չի լինելու (կրկին իմ փորձից եմ ասում), ավելին՝ մոռացել են կամ էլ չգիտեն, որ վերջերս ՄԻԵԴ-ը ասաց, որ չի կարելի հաշտություն ՊԱՐՏԱԴՐԵԼ կողմերին (դատավոր Մ.-ի գործով), ինչ-որ շատ պատահական սկսում են հետաքրքրվել, թե ինչու է քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտը օտարել իր տունը։ Այս բոլոր դեպքերում մինչեւ նրանց կողմից որոշում կայացնելը գրեթե անշեղորեն իմացել եմ, որ դատավորը շահագրգռված է եւ համապատասխան դրսեւորել եմ կոնկրետ վարքագիծ (եւ դեռ դրսեւորելու էլ եմ անգամ այդ փակ պայմաններում), հետագայում էլ փորձս ցույց է տվել, որ չեմ սխալվել։

Իհարկե, այս դատավորներին կարելի է շնորհավորել, քանի որ իրենց ակնհայտ «խայտառակությունները» գոնե տեսանելի չեն լինի, լրագրողները չեն գրի, որ, օրինակ, դատավորի հանդերձանքը կովբոյի հանդերձանք է հիշեցնում, կամ՝ որ քաղաքացիական դատավարությունը դրել են մի կողմ եւ սեփական արժեքային պատկերացումներով են դատ վարում, մատների արանքով նայելով անձանց ճակատագրերին։ Կարծում եմ՝ արդար չէ ողջ ծանրությունը թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ուսերին, իսկ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանի դատավորները… դե իհարկե՝ արտոնյալ են:

Ոչ լրագրողներ կարող են գալ, ոչ էլ ստիպված են լինելու քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը կարդալ, որոշումն էլ կգրեն օգնականները, բնականաբար, իրենց շահագրգիռ ցուցումով: Չմոռանամ ասել, որ նույն այդ նախագծի 439-րդ հոդվածի 4-րդ մասով որոշել են կենդանացնել ուժը կորցրած 1998 թվականի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը այն գործերի վրա, որոնք դատարան են մուտք եղել մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը:

ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ
փաստաբան

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30