Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ տնօրենը նոր քար է ավելացնում կրթօջախի հիմքի վրա

Ապրիլ 07,2018 14:00

Վերջին շրջանում հայաստանյան մշակութային ուսումնական հաստատությունների գործառույթներից մեկն էլ ինտեգրումն է միջազգային կրթական համակարգին: Բայց այսօր ունենք մշակութային երկու՝ Երեւանի մշակույթի ու Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջներ, որոնց շենքային պայմանները անմխիթար են: Ավելին, ուսուցումը տարվում է նաեւ տնօրենների, փոխտնօրենների եւ ուսուցչանոցների համար հատկացված սենյակներում: «Առավոտը» օրերս այցելեց Երեւանի էստրադայի պետական քոլեջ՝ զրուցելու տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ, բայց քանի որ Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանն էլ էր այնտեղ, նրանցից հետաքրքրվեցինք՝ արդյոք շենքային հարցը բարձրացրե՞լ են պետական մակարդակով: Տեղեկացնենք, որ 2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ Մշակույթի քոլեջի շենքի մեկ հարկաբաժին՝ 820 քմ տարածք, ժամանակավոր հատկացվել էր Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջին: Եվ այդ «ժամանակավորը» մինչ օրս լուծում չի ստացել ու մշտապես շենքի մասնատումը գերխնդիր է եղել:

Այդ առիթով տնօրենները նախ հայտնեցին, որ հարցը բարձրացվել է, հետո էլ մանրամասնեցին: «Այս հարցով քոլեջի կառավարման խորհուրդը դիմել է ՀՀ կառավարությանն ու նախագահին, հուսով ենք, որ խնդիրը լուծում կստանա»,- ասաց Վրեժ Կիրակոսյանը: Իսկ Տիգրան Դավթյանն էլ նշեց, որ հարցը բարձրացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մոտ խորհրդակցության ժամանակ ու դարձյալ հույս ունի, որ ի վերջո հարցը կկարգավորվի:

Վ. Կիրակոսյանն ու Յուրի Բոնդարը:

Մեր այցը Մշակույթի պետական քոլեջ պայմանավորված էր Վրեժ Կիրակոսյանի՝ կառավարման խորհրդի կողմից տնօրեն ընտրվելու փաստով: Նկատենք, որ դա պատասխանատու քայլ է՝ թեկուզեւ ճանաչված երգչի կողմից, քանի որ նախկին տնօրեն Նադեժդա Սարգսյանի պաշտոնավարման օրոք (2003-17թթ.) ու նրա կողմից ստեղծված միջազգային կապերի շնորհիվ քոլեջը ձեռք է բերել բարձր վարկանիշ բազմաթիվ երկրներում: Տարբեր տարիների քոլեջի սաները միջազգային մրցույթներից վերադարձել են միայն հաղթանակներով: Այդ ձեռքբերումներից անմասն չէր նաեւ Վրեժ Կիրակոսյանը, որը 2007-ից քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենն էր:

Մեր զրուցակիցը նախ ասաց, որ կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային կրթական համակարգին ինտեգրումը առաջացրել են նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարմամբ է պայմանավորված քոլեջի ապագան: Հետո էլ փաստեց. «Վերջերս վերադարձել ենք Բելառուսից, ուր տեղի մշակույթի նախարարության կողմից Մինսկում անցկացված միջազգային մրցույթից քոլեջի սան Արեւիկ Պետրոսյանը վերադարձավ երկրորդ մրցանակով: Այս տարի առաջին անգամ Երեւանում անցկացրինք Վիտեբսկում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթի նախընտրական փուլ եւ երկու տարիքային խմբում հաղթող ճանաչված երկու սան հուլիսին կմեկնի Վիտեբսկ: Անձամբ հանդիպում եմ ունեցել Բելառուսի մշակույթի նախարար Յուրի Բոնդարի հետ եւ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել 2019թ. «Սլավյանսկի բազար» մրցույթի շրջանակներում Բելառուսում անցկացնել Հայաստանի մշակութային օրեր»: Նրա ձեւակերպմամբ՝ շարունակական կրթական պայմանագրեր ունեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մշակութային բարձրագույն ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ Բուլղարիայի կոնսերվատորիայի, Չուվաշիայի Հանրապետության մշակույթի եւ արվեստների ինստիտուտի հետ, պատրաստվում են համագործակցել նաեւ Ղազախստանի Ժուգենեւայի անվան արվեստի ակադեմիայի հետ:

Տնօրենը՝ իր խորհրդականի հետ:

Հաստատելով լուրը, թե իր տնօրեն նշանակվելուց հետո նոր ուսումնական տարուց կդադարեցվի «Կինոսարքավորումների եւ տեսատեխնիկայի շահագործում» եւ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտություններով ընդունելությունը, տնօրենն ասաց, որ դա պայմանավորված է աշխատաշուկայի պահանջարկով ու դրանք չեն համապատասխանում քոլեջի ուղղվածությանը: Ռեպլիկին՝ իրականացրել եք նաեւ հաստիքների կրճատում, մեր զրուցակիցը արձագանքեց՝ «Ինչպես ասում է մեր վարչապետը՝ պետք է կրճատենք, որպեսզի տնտեսենք: Մյուս կողմից՝ մտադիր եմ «ներմուծել» մշակույթին այնքան անհրաժեշտ մեկ-երկու նոր մասնագիտություն: Դրա մասին դեռ վաղ է խոսել»:

Անդրադառնալով շենքային պայմաններին, Վրեժ Կիրակոսյանն ասաց, որ սեփական ներդրումների միջոցով տեղադրվել է ջեռուցման նոր համակարգ. «Քոլեջի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են՝ ժամանակակից տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության ու ուսումնական գործընթացում կիրառման անբավարարությունը, էլեկտրոնային ուսումնական նյութերի պակասը, լաբորատորիաների՝ ժամանակակից պահանջներին չհամապատասխանելը, նաեւ, ի թիվս այլ խնդիրների, բարելավման կարիք ունեն քոլեջի լրացուցիչ ֆինանսավորման եւ դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Վրեժ Կիրակոսյանն (աջից) ու Տիգրան Դավթյանը:

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30