Մեկշաբաթյա ուխտագնացության ընթացքում պատիվ ունեցա այցելելու Իսրայելում հայկական եկեղեցիներն ու ուխտատեղիները, զրուցել հայ հոգեւորականների հետ: Հայֆայի Սուրբ Եղիա եկեղեցում հանդիպեցինք հոգեւոր հովիվ տեր Տիրայրին եւ զրույց ունեցանք նրա հետ:
– Տեր Տիրայր, խնդրում եմ ներկայացնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դերը երուսաղեմական եկեղեցու վրա:
– Նախ պէտք է շեշտեմ, որ Հայաստանեայց առաքելական եկեղեցին եւ Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը նոյն առաքելական շաւիղը եւ ուղղափառ դաւանութիւնը ունեցող եկեղեցիներ են: Պարզապէս Հայաստանեայց եկեղեցին ունի իր կանոնադրութիւնն ու վարչակարգը, իսկ Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը` իր: Երուսաղէմում հայոց պատրիարքութեան գերնպատակն է եղել եւ կը մնայ, պահել եւ պահպանել դարերով եւ արեան գնով, մեր սուրբ հայրերից մեզ փոխանցուած սրբատեղիների իրաւունքները, ինչպէս նաեւ տարբեր քաղաքներում տեղակայուած հայկական բոլոր համայնքները` իրենց եկեղեցիներով հանդերձ: Իսկ մեր հաւատքի բնօրրան հանդիսացող Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին մշտապէս սատարում եւ օգնական է լինում Երուսաղէմի հայոց պատրիարքութեանը վերոնշեալ սուրբ գործի կատարման ուղղութեամբ: Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցին մնում է եւ կը մնայ համայն աշխարհի հայութեան մայր եկեղեցին, որի գլուխը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Երուսաղէմի հայոց եկեղեցին Սուրբ Երկրում հայի տունն է, իսկ Հայոց Պատրիարքը` նրա սրբազան իրաւունքների պաշտպանը:
– Երկար ժամանակ եք քահանայագործում Երուսաղեմում՝ Երուսաղեմի պատրիարքության հովանու ներքո:
– Երուսաղէմ եմ եկել 2001թ.-ին, ուսանել եմ եօթ տարի Ժառանգաւորաց վարժարանում եւ ընծայարանում: 2008-2010թթ. որպէս սարկաւագ ծառայել եմ Սուրբ Յարութեան տաճարում: Իսկ 2011թ.-ից մինչեւ այսօր իբրեւ ամուսնացեալ քահանայ ծառայում եմ Հայֆայի Սուրբ Եղիա եկեղեցում եւ հանդիսանում Իսրայէլի հիւսիսային շրջանների հայոց հոգեւոր հովիւը:
– Հավատացյալների եւ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը զիջո՞ւմ է, արդյոք, քույր եկեղեցիներ հաճախող մարդկանց թվին:
– Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում պատարագների եւ կամ այլ արարողութիւնների ժամանակ աւելի շատ հաւատացեալներ կարող էք տեսնել, քան սուրբ երկրի մեր եկեղեցիներում: Խօսքը ոչ միայն մեր եկեղեցիների մասին է, այլ միւս քոյր եկեղեցիների նոյնպէս: Կարելի է ասել, որ սուրբ երկրում եկեղեցիներ այցելող մարդկանց թիւը զիջում է արտասահմանեան զբոսաշրջիկների եւ կամ հաւատացեալ ուխտաւորների թուին: Սա մի ցաւալի իրականութիւն է, որը, կարծում եմ, կապուած է ընտանիքների անհոգութիւնից եւ եկեղեցու հանդէպ անտարբերութիւնից: Երեխաներին պէտք է մանկուց սովորեցնել, որ եկեղեցին դա Աստուծոյ տունն է, ուր պարտադիր է գնալը եւ աղօթելը: Եթէ ընտանիքում մանկուց չի դրւում եկեղեցու հանդէպ սէրը, ապա հետագայում շատ դժուար է տուեալ երիտասարդին եկեղեցի բերել եւ նրան կապել հոգեւոր կեանքին: Ամէն դէպքում անհնարին ոչինչ չկայ: Եթէ նոյնիսկ մէկ հայ մնայ, նրա համար նոյնպէս պէտք է աշխատանք տարուի, որպէսզի նա պահի իր հայկական արմատները եւ հայ եկեղեցում աղօթք անի:
– Խնդրում եմ Ձեզ խոսել եկեղեցու ապագայի եւ դեպի եկեղեցի եկող երուսաղեմահայ համայնքի մասին:
– Ըստ իս, եկեղեցու ապագան ամէն քրիստոնեայի համար կարեւորագոյն խնդիրներից մէկը պէտք է լինի: Երուսաղէմում հայ եկեղեցու ապագան միանշանակ սրբատեղիներում հայոց իրաւունքների պահպանման, դրանց զօրացման, ինչպէս նաեւ մեր եկեղեցապատկան հողերի ու շինութիւնների պահպանման մէջ է: Որքան որ ամուր հիմքերի վրայ կլինի Երուսաղէմի հայոց զինուորեալ միաբանութիւնը, այդքանով աւելի զօրեղ եւ կայուն կլինի նաեւ երուսաղէմահայ համայնքը: Չեմ ուզում նրանից զատել նաեւ մեր միւս համայնքները, որոնք ուղղակի, թէ անուղղակի կերպով կապուած են Երուսաղէմի եկեղեցուն եւ նրա շուրջը գտնուող հայ համայնքին: Եթէ նկատեցիք «զինուորեալ» է կոչւում Երուսաղէմի հայոց միաբանութիւնը, քանի որ այստեղ զէնքը եւ խաչը միասին են գործում ոչ թէ թշնամու դիմաց, այլ իրաւունքի համար: Իրաւունք, որը դարերի խորքից է գալիս եւ անգին է մեզ համար:
– Պատահո՞ւմ է, որ Երուսաղեմում սովորողը գործուղվի սովորելու Գեւորգյան ճեմարանում:
– Երուսաղէմում սովորած եւ աւարտած ուսանողը երբէք չի գործուղւում սովորելու Գեւորգեան ճեմարանում: Այլ բան է, եթէ ուսանողը չցանկանայ շարունակել ուսումը Երուսաղէմում եւ դիմի Գեւորգեան ճեմարան շարունակելու համար: Եղել է եւ լինում են դէպքեր, որ Երուսաղէմում սովորած եւ աւարտած ուսանողներ, որոնք ունեն նաեւ սարկաւագութեան աստիճան, դիմեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ձեռնադրուելով ծառայեն Հայաստանեայց թեմերում:
Զրուցեց
ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԸ
«Առավոտ»
06.04.2018