Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հին Երեւանի մասունքները. արժեքավոր, բայց անմխիթար

Ապրիլ 07,2018 12:30

ԹԵ ինչպիսին է եղել Երեւանը տասնամյակներ առաջ, այսօր քչերն են հիշում: Մեր օրերի Երեւանի փողոցներով քայլելիս հազվադեպ կարելի է զգալ Հին Երեւանի շունչն ու այն միջավայրը, որի մասին ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ խոսում են մեծ ոգեւորվածությամբ, սիրով եւ կարոտով: Կանաչապատ եւ սաղարթախիտ օղակաձեւ այգին այսօր անհամեմատ աղքատիկ է դարձել, իսկ քաղաքի կոլորիտին բնորոշ համահունչ ճարտարապետությամբ կառուցված շենքերին այսօր փոխարինում են բարձրահարկերը՝ երեւանյան «երկնաքերերը»: Հին Երեւանից մնացած մասունքների եւ հուշերի փնտրտուքներով շրջեցինք Կենտրոն վարչական շրջանի՝ Մոսկովյան, Նալբանդյան, Աբովյան, Թումանյան փողոցների շրջակա տարածքներում, բակերում:
Մեր տեսախցիկն արձանագրեց մայրաքաղաքի փոքր կենտրոնում այն անկյունները, որոնք տասնամյակներ շարունակ մնացել են անփոփոխ եւ անխնամ. այդ տարածքներում ոչ իրականացվել են քանդման եւ ոչ վերականգնման աշխատանքներ:


Հանդիպեցինք նաեւ կողք կողքի հնի եւ նորի համադրմանը: Օրինակ՝ 1973-ական թվականներին շահագործման հանձնված 13 հարկանի եւ 5 հարկանի բնակելի շենքերի մեջտեղում, չնայած բնակիչների բողոքներին եւ դժգոհություններին, կառուցվել է 6 հարկանի հյուրանոց (խոսքը՝ Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող «Նովա» հյուրանոցի մասին է): Ընդհանուր արտաքին տեսքի գնահատումը թողնում ենք ընթերցողին: Նշենք նաեւ, որ հենց նույն բակում նախատեսվում է մեկ այլ բարձրահարկ շենքի կառուցում, որի ընդհանուր տեսքը եւ կառուցման հատակագիծը ներկայացնող պաստառը փակցված է այդ տեղանքում:


Հին Երեւանի դիմագիծն այսօր կարելի է միայն մտովի վերականգնել: Ցավոք, ճարտարապետական այն ներդաշնակությունը, որն էլ ավելի էր զարդարում մայրաքաղաքի բնակիչների ստեղծած ջերմ մթնոլորտը, այլեւս պատմություն է: Իսկ դեռ մնացած տներն ու շինություններն անմխիթար վիճակում են եւ դեռ հույս ունեն բարեկարգվելու եւ պահպանվելու՝ թեկուզ որպես Հին Երեւանի փոքրիկ բակերի պատմության լուռ վկաներ:


ՄԻԼԵՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ,
2-րդ կուրս

«Առավոտ»

06.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30