Ապրիլի 6-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնում կայացավ «Մեր տան Աստվածն է մայրս» խորագրով գրական-երաժշտական երեկո, որը նվիրված էր մայրության եւ գեղեցկության տոնին:
Ասմունքող Լիանա Զուրաբյանը արմատներով Նոյեմբերյանի տարածաշրջանից է, նրա հայրը`Բերդավանից, մայրը Կողբից է սերում:
Լիանան տոնական ծրագրով գեղեցիկ, հաջողված ելույթներ ունեցավ իր հայրենակիցների առջեւ: Նա ասմունքեց Պարույր Սեւակի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի,Գեւորգ Էմինի, Սմբատ Շահազիզի, Սասուն Պասկեւիչյանի բանաստեղծությունները:
Լիանան բեմ մտավ կարմիր եւ ոսկեգույն զգեստով, ծաղիկները ձեռքին`հնչեցնելով Շիրազի «Գարնանամուտը»: Նրա ասմունքում մայրերի պաշտամունքի ու երկրպագության, նաեւ` սիրո, բաժանումի, տառապանքի գեղեցիկ խոսքեր էին,որոնք հոգեթով երաժշտության հետ հնչելով՝ բազում հուզիչ պահեր պարգեւեցին ներկաներին:
Դահլիճում էին նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի 20 զինվորներ, ովքեր ոգեւորությամբ էին ընդունում Լ. Զուրաբյանի եւ մյուսների կատարումները:
Ելույթ ունեցան նաեւ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Սոսե» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար`Կարինե Ջիլավյան), երգչուհի, բանաստեղծուհի Կարինե Ալեքսանյանը, պարուհի Աննա Ծատուրյանը:
Դահլիճը բուռն ծափահարություններով գնահատեց Լիանա Զուրաբյանի արվեստը, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը նրան ծաղիկներ նվիրեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ