«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն ահազանգում է, որ «Ամուլսարում» ոսկու արդյունահանման համար գեոցինի կիրառումը չափազանց վնասակար է շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար:
Այսօր «Նոյյան տապան» ակումբում բնապահպանը ներկայացրեց «Ամուլսարի շուրջ իրավիճակը» թեմայով իրենց կազմակերպության զեկույցը, որի համաձայն՝ «Ամուլսարի» հանքաքարի ընդհանուր քաշը հասնում է 89.4 մլն տոննայի, ընդ որում, 73.7 տոննա հանքաքարից կարելի է արդյունահանել միայն ոսկու 87 տոկոսը, ինչը 63.2 տոննա է կազմում. «294 տոննա հանքաքարից միայն 6.2 տոկոս՝ 18 տոննա արծաթ կարելի է արդյունահանել, 63.2 տոննա ոսկու եւ 18 տոննա արծաթի ընդհանուր արժեքը ընդամենը 2.56 մլրդ դոլար կկազմի: Հարկադրմանը ենթակա երրորդ եւ առաջին կարգի մետաղներից կոշտ թափոնների ընդհանուր ծավալը կկազմի 464 մլն տոննա: Այդպես, պետական գանձարանի եկամուտը 12.5 միլիարդ դոլար կկազմի…
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկերությունը նախատեսում է 485 միլիոն դոլար փոխանցել պետական բյուջե՝ այդ ընդերքների օգտագործման համար հարկերի եւ վճարումների տեսքով»:
Հակոբ Սանասարյանի խոսքով, այս ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է քարհանքի աշխատակիցներին 230 մլն դոլար վճարել, իսկ քարհանքերի շահագործման ընթացքում այս նախագիծը կավելացնի արտահանման եկամուտները միջինում տարեկան 285 մլն դոլարով:
Ըստ բանախոսի՝ շինաշխատանքների ընթացքում նախատեսվում է մոտ 1300 աշխատատեղի ստեղծում. «Ամուլսարի» ծրագրով 11 տարվա ընթացքում նախատեսվում է 5 միլիարդ 262 միլիոն դոլարի չափով ներդրումներ կատարել:
Տարածքի մակերեսը, որի վրա նախատեսվում է ծրագրի իրականացումը, 1805.3 հա է, ինչը տարածվում է նաև բնական բուսական ծածկույթի վրա: Բացի այդ, 279 հա տարածքի վրա կարող են շինարարական եւ այլ փոշիներ նստել, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ բուսական աշխարհի աղտոտման»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ