Այսօր գյուղնախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը բարձրաձայնեց հանքային պարարտանյութերի ձեռք բերման թեման։ «Բոլոր ժամանակներում հանքային պարարտանյութերը՝ կալիումը և ֆոսֆորը 2-3 անգամ էժան են եղել ամոնիակային սելիտրայից։
Այսօր դա շատ գերազանց բան է, որ դաշտերում որ օգտագործել ենք, և մթերքի պահպանության հարցում ենք լավ արդյունք ենք ստացել, և լավ որակի բերք։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել գնի վրա, այն չի կարող ամոնիակային սելիտրայի գնին լինել, դա ընդամենը հանքաքար է, որը հանքերից են արտադրում կամ փաթեթավորում են, կամ խտացնում, դարձնում են կրկնակի սուպերֆոսֆատ։
Չի կարող գործարանային խոշոր տեխնոլոգիական պրոցես անցած ամոնիակային սելիտրայի գնին լինել։ Ես խնդրում եմ պարոն նախարար, այդ դաշտը ավելի ճիշտ ուսումնասիրել», -ասաց գյուղապետը։ Նախարարն էլ պատասխանեց, որ դաշտն ուսումնասիրել են, արտադրություն չկա նաև Վրաստանում, Ռուսաստանից կամ Չինաստանից են ներկրում։
Գյուղապետը հիշեցրեց, որ ժամանակին գնում էին Ադրբեջանից, ավելի կոնկրետ Սումգայիթից, ընդ որում անսահմանափակ քանակությամբ։ «Շատ լավ, հիմա մենք չենք կարող Սումգայիթից բերել»,- ասաց նախարարը։ Գյուղապետը, սակայն այն կարծիքին է, որ «թշնամական հարաբերությունները երբևիցե առևտրի դեմը չեն կարող փակել»։
«Եթե մեր կարտոֆիլը շատ անգամ, գնում հասնում է Ադրբեջան Վրաստանի միջոցով, շատ նորմալ ձևով կարել է․․․ Մենք Սումգայիթից էինք ստանում շատ նորմալ ձևով»։ Գյուղնախարարն առաջարկեց էժան գնով մատակարար գտնել, որը կգա, մրցույթի մասնակցի ու նրան կսուբսիդավորեն։ Ազատանի գյուղապետն էլ ասաց, որ ինքը գիտի՝ ով է բերում, նախկինում 13-14 հազար դրամի էր բերում, հիմա 7 հազար դրամով է բերում ու շատ սահմանափակ քանակությամբ։
Գյուղապետը խոստացավ Իրանում իր կապերն օգտագործելով՝ էժան մատակարար գտնել։ «Սա շատ անփոխարինելի բան է գյուղատնտեսության մեջ։ Մասնագետները դա միայն գիտեն՝ ինչ է նշանակում, այսօր նաև գենոֆոնդի խնդիր է, ազոտ օգտագործելով գիտեք ինչ ենք անում»։
«Եթե կան մարդիկ, ովքեր կարող են բավարար քանակությամբ բերեն, փոխանցենք տվյալները նախարարություն»,-զրույցին միջամտեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ