Ապրիլի 3-ին ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի համալսարանում տեղի ունեցած՝ «Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան. բանակցային գործընթացում բեկման հեռանկարները» խորագիրը կրող քննարկմանը, որը կազմակերպվել էր համալսարանի հայկական ուսանողական ակումբի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Քերի Քավանոն: Քննարկման մոդերատորն էր համալսարանի ավագ գիտաշխատող, ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական (2004-2007թթ.) Թոմաս Գրեհեմը։
Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԱՀ դիրքորոշումը և անդրադարձ կատարել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին՝ նշելով այն ակտիվացնելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում, ԱՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությամբ։
Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ