2017 թվականի մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2 հոգի ազատազրկման է դատապարտվել:
Սինան Նարինը և Էյուփ Յըլդըրըմը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա, դատապարտվել են 1 տարի 1 օրվա ազատազրկման:
Նշվում է, որ Նարինը և Յըլդըրըմը կալանավորվել էին նախորդ տարվա հունիսին:
Հիշեցնենք, որ 2017 մայիսի 16-ին Էրդողանն այցելել էր Վաշինգտոն, որտեղ նրան դիմավորել էին բողոքի ակցիայով: Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպված ցույցին մասնակցում էին հայ, քուրդ և հույն ակտիվիստներ:
Հարձակումն իրականացրած 19 հոգու նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք էր առաջադրվել: Նրանցից 15-ը Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամներ էին: Սակայն ԱՄՆ-ի դաշնային դատախազությունն Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները հանել է:
Աղբյուր` Demokrathaber