Այսօր «Մեդիա կենտրոնը» Վանաձորում կազմակերպել էր «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին» թեմայով հանրային քննարկում: Հանդիպմանը հրավիրված էին ներկայացուցիչներ՝ քաղաքային եւ մարզային իշխանություններից, տարբեր քաղաքական ուժերից եւ քաղաքացիական հասարակությունից: Սակայն հանդիպմանը եկել էին միայն մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանը:
Վերջինիս կարծիքով՝ վերջին 10 տարվա ընթացքում մարզի սոցիալ-տնտեսական պատկերը փոքր-ինչ բարելավվել է: Թվարկելով մարզի ներուժը Այվազյանը, սակայն նշեց, որ մարզը կարելի էր շատ ավելի լավ զարգացնել. «Եթե մենք ունենայինք զարգացում, մարզում արտագաղթն այս չափի չէր հասնի: Երիտասարդների շրջանում կա զբաղվածության խնդիր, որը հույս ունեմ, որ ձեռնարկատիրական դաշտի բարելավումից հետո, նրանք կկարողանան ինքնուրույն ծավալել գործունեություն… Ես կարծում եմ, որ երեկվա եւ այսօրվա երիտասարդությունը լինելով տարբեր պաշտոններում ու բնագավառներում, իրենց օրինակներով կարող են փոփոխություն բերել, կերպար ձեւավորել, եւ նաեւ դրանով մենք կունենանք փոփոխություններ»:
ՀԿ կենտրոնի ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանը մարզի զարգացման հետ կապված դեռեւս դրական սպասումներ ունի. «Ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ դրական փոփոխություններ լինելու են, բայց դա ինչքանով կապված կլինի ներկա իրականության հետ, մի քիչ կասկածում եմ: Քանի որ մեր այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ դրական փոփոխություններ կա՛մ չկան, կա՛մ շատ փոքր քայլերով են լինում: Իսկ այսօրվա բնակիչը, երիտասարդը դրա հետ համաձայն չէ: Եվ ինձ, մյուսին, մյուսին դա չի բավարարում, մենք ուզում ենք այլ տեմպեր, այլ իրավիճակ: Մենք ուզում ենք, որ արդյունաբերության տնտեսական աճը, որը որ ցույց է տրվում բյուջեի ու երկրի տնտեսական աճի վրա, անդրադարձ կատարվի ոչ թե 1, 3, 5 կամ 100 հոգու բյուջեի վրա, այլ դա տարածվի ամբողջ համայնքի, երկրի, քաղաքացու ու բնակչի վրա»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը գտնում է, որ Հայաստանում մարդու իրավունքները, տնտեսությունը եւ այլ հարցեր զարգանում են, ոչ թե իշխանությունների շնորհիվ, այլ ի հեճուկս իրենց. «Եթե իրենք իսկապես նպաստեին մարդու իրավունքների զարգացմանը, կամ փորձեին նպաստել սոցիալ-տնտեսական զարգացմանը, այդ զարգացման տեմպերն ավելի բարձր կլինեին: Վրաստանն այս ընթացքում սարսափելի պատերազմ ունեցավ, մենք խոսում ենք 2008 թվականի մասին: Այս տարիների ընթացքում այն զարգացումը, որ իրենք են տեսել, եւ այն զարգացումը, որ մենք ենք տեսել, տեսականորեն մենք պետք է գոնե մի քանի քայլ առաջ լինեինք: Մենք հիմա ուղղակի մխիթարվում ենք մեզնից ավելի վատ վիճակում գտնվող երկրներով, եւ ասում ենք տեսեք, որ այդքան վատ չէ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ