Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշ»-ի պատճառով գյուղնախարարը հայտնվեց անհարմար դրության մեջ (Տեսանյութ)

Ապրիլ 06,2018 17:39

Այսօր ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն իր տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ Շիրակի մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցավ մարզի համայնքապետերի հետ՝ լսելով նրանց մտահոգությունները, դժգոհություններն ու առաջարկները։

Հանդիպումը տևեց բավական երկար՝ մոտ երկու ժամ, սակայն այն անցավ բուռն քննարկումներով։ Համայնքապետերը բարձրաձայնեցին տարբեր խնդիրներ՝ դիզվառելիքից մինչև ջրամբարների դատարկ լինելը, մշակաբույսներն ինքնարժեքով անգամ վաճառել չկարողանալը և այլն։ Քննարկվեց նաև պարտադիր անասնաբույժ ունենալու թեման, թեև հնչեց մտահոգություն, որ որակյալ մասնագետների 90 տոկոսն այլևս երկրում չէ։

Գյուղնախարարն իր հանդիպումը սկսեց հարց ու պատասխանով․ բարձրաձայնած առաջին հարցը վերաբերում էր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության կողմից Շիրակի մարզի գյուղացիներին դիզվառելիք չմատակարարելուն։ Պարզվեց, որ այս ընկերությունը, որը մրցույթ է շահել դիզվառելիք մատակարարելու ու պետության կողմից էլ սուբսիդավորվել է, Շիրակի մարզպետարանի հետ պայմանագիր չի կնքել։ Սա փոքր-ինչ անակնկալի բերեց գյուղնախարարին։ «Հիմա դուք հետաքրքրվա՞ծ եք, որ դիզվառելիք մատակարարվի»,- գյուղնախարարը հարցրեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանին ու ստանալով դրական պատասխան՝ շարունակեց․ «Ինչի՞ չեք խեղդում՝ պայմանագիրն ուղարկի»։ «Եթե խեղդելն էդ զանգն է, մենք տեղյակ պահել ենք, իհարկե, հետաքրքրվել ենք»,-պատասխանեց մարզպետարանի պաշտոնյան։

Գյուղնախարարն ավելի մտահոգ դարձավ, երբ համայնքապետերը բարձրաձայնեցին, որ շուկայում դիզվառելիքն ավելի էժան է, քան մրցույթը հաղթած «Ֆլեշն» է մատակարարում. «Հիմա շուկայում 380 դրամ է վաճառվում», -ասաց գյուղապետերից մեկը։ Գյուղնախարարը զարմացած հարցրեց ․«Դիզվառելի՞քը»։ «Այո՛», -ասաց գյուղապետը։ Գյուղնախարարը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են վաճառում 380 դրամով շուկայում ու իմանալով, որ շատերը հենց այդ գնով են վաճառում, ասաց․ «Ինչո՞ւ չեն եկել մրցույթին մասնակցեն, մենք էլ իրենց կսուբսիդավորեինք, ավելի էժան կլիներ»։

«Ես չգիտեմ ինչի՞ համար չեն եկել մրցույթին մասնակցել, բայց օրինակ՝ Անի համայնքում, 17 բնակավայրերից այսօր ընդամենը 2 տոննա դիզվառելիք է պետք, որովհետև շատ թանկ է»,- շարունակեց գյուղապետը։

«Դե անունն ասեք էժան վաճառողի»,-պնդում էր գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը։ «Իմ ինչի՞ն է պետք, որ ասեմ»,-նեղվեց գյուղապետը։

Գյուղնախարարը միջամտեց՝ ասելով․ «Մի րոպե, եկեք մի բան պարզաբանենք էլի, մենք հայտարարել ենք մրցույթ․ մատակարար, որը որ կբերի դիզվառելանյութը և ասել ենք, որ որ կսուբսիդավորենք մինչև 60 դրամ։ Կապ չունի՝ ի՞նչ գին իրենք կառաջարկեն, հիմա եթե 2 մատակարարներից երկուսը հաղթել են, ներկայացրել են 440 դրամ, մի քիչ բարձր էր, բանակցել ենք, իջել է, հիմա եթե ասում եք, որ 380 դրամով շուկայում կա, այդ մարդիկ կարող էին մասնակցել մրցույթին, հաղթեին, եթե էժան ավելի կա, և մենք կսուբսիդավորեինք, էսօր դուք կստանայիք ավելի էժան։ Հիմա եթե ինքը չի եկել մրցույթի մասնակցել, մենք ինչ անենք»։

Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանն էլ ասաց․ «Եթե ինքը 440 դրամ է վաճառում, բնականաբար ավելի էժան է ձեռք բերում չէ՞, էդ էժան գնից նաև գյուղացին է ձեռք բերում»։ Գյուղնախարարն անհարմար դրության մեջ ընկավ․ «Դե հիմա ձեռք բերողն ինքը պիտի առնի, ինքը վաճառի, պիտի հասցնի Անի, ծախսեր են․․․ եկամուտ էլ պիտի ունենա էդ մարդը»։

Գյուղապետը հակադարձեց․ «Դրա համար էլ հայտեր չենք ներկայացնում, 15-20 օր պետք է սպասենք, մինչև 2-3 տոննա քանակություն չլինի, «Ֆլեշը» չի մատակարարի, հո չի կարող 40 լիտր առնի էդ մարդը, գա համայնք»։

Գյուղնախարարն ասաց․ «Հլը կճշտենք՝ էդ ո՞նց եղավ լցակայաններում ավելի էժան է, 380 դրամը ինչի՞ մրցույթով դարձավ 440»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30