ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը, «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը, նախարարության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Փոխնախարար Վաչե Տերտերյանը, կարևորելով ծրագրի տնտեսական, տարածաշրջանային և զբոսաշրջային նշանակությունը, նշել է, որ Հայաստանում մեկնարկում է իր ծավալով և բովանդակությամբ աննախադեպ ծրագիր, որի նշանակությունը իսկապես համաշխարհային կլինի։ «Հատկանշական է, որ սա զրոյից մեկնարկող խոշորածավալ ծրագրի մի օրինակ կարող է լինել, ինչպիսիք շատ չեն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Մենք գործ ունենք լրիվ նոր ծրագրի հետ»,- ասել է Վ. Տերտերյանը: Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն արդեն մի քանի իրավական ակտեր է ընդունել այս ծրագրի ուղղությամբ՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ և գրավիչ օրենսդրական դաշտ։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մայմեխի ներդրումային ծրագիրը նոր զարկ կհաղորդի Լոռու մարզի տնտեսական կյանքին և կակտիվացնի բիզնես միջավայրը: «Լոռու մարզը, լինելով արդյունաբերական մարզ, ունի նաև տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ: Հետևելով կառավարությանը՝ մենք մեր 2017-2025 թթ-ի մարզի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ գերակա ուղղություն ենք հռչակել նաև տուրիզմի զարգացումը` որպես կարևորագույն ճյուղ, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կարևորագույն ծրագիրը մեր մարզում կյանքի կոչվի։ Համոզված եմ, որ մեր մարզի բնակիչները ուրախությամբ կընդունեն ծրագիրը և կլինեն առաջին օգտվողներից մեկը»,- եզրափակել է մարզպետը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ողջունել է ներդրումային ծրագիրը և շեշտել, որ զբոսաշրջությունը տնտեսության կայուն զարգացման այն հիմնական գործիքներից է, որը անընդհատության մեջ նպաստում է նաև համայնքների զարգացմանը: Զ. Զեյթունցյանի խոսքով, լեռնադահուկային հանգստի գոտիների ստեղծումը հեռանկարային է նաև Հայաստանի համար, քանի որ համաշխարհային զբոսաշրջության միտումները թելադրում են ամառային հանգստյան տարբերակներից զատ կարևորել նաև ձմեռային հանգիստը:
Ծրագրի ներդրող-գործարար Տիգրան Հարությունյանը հավաստիացնելով, որ Մայմեխի ծրագիրը իր նախադեպը չունի Հայաստանում, մանրամասնել է.«Ընտրվել է Լոռու մարզը որպես տուրիզմի համար պոտենցիալ ունեցող լավագույն մարզերից մեկը. խոսքը վերաբերում է Լոռու անարատ բնությանը և Փամբակի լեռնաշղթային: Փամբակի լեռնաշղթայի բարձրությունը և տեղումների քանակը բավականին հարմարավետ են լեռնադահուկային համալիրի ստեղծման համար: Մեզ համար ծրագիրը լինելու է շուրջտարյա, կառուցվելու են սահուղիների լրջագույն ենթակառուցվածքներ, լինելու են ամենաժամանակակից ճոպանուղիները, ունենալու ենք նաև ամառային հանգիստը կազմակերպելու հնարավորություններ՝լինելու է միջազգային չափանիշներին համապատասխանող համալիր: Մեր հիմնական կապալառուն եղել է կանադական Ecosign կազմակերպությունը, որն աշխարհահռչակ կազմակերպություն է լեռնադահուկային համալիրների նախագծման ոլորտում»:
«Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը մանրամասն ներկայացնելով ծրագրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկություններն ու կոմերցիոն նշանակությունը, տեղեկացրել է, որ հանգստավայրը կգործի ամբողջ տարի, կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Նախնական փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային կենտրոններ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: Ծրագրի շնորհիվ կստեղծվի շուրջ 1600 աշխատատեղ, ներդրումային արժեքը կազմում է 14,4 միլիարդ ՀՀ դրամ։
Ծրագրի շնորհանդեսից հետո մասնակիցները պատասխանել են լրագրողներին հուզող հարցերին, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, հնչել են առաջարկներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն
Բուռն ծափահարւթյուններ.. այ սուտասաններ Դուք Վանաձորի պարատանյութերի գործարանը չեք կարողանում աշխատեցնել երբ պահանջարկը կա պարատանյութի…