Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրաժարականը անակնկալի է բերել շատերին:
Aravot.am-ը մարզական, հատկապես՝ ֆուտբոլային թեմաներով գրող լրագրողներից փորձեց պարզել, թե ինչը կարող էր հավաքականից հեռանալու պատճառ դառնալ, տալ ընտրանիում Արթուր Պետրոսյանի կատարած աշխատանքի գնահատականը եւ նշել հավանական փոխարինողի իրենց տարբերակը:
Ռաֆայել Խալաթյան: Armfootball.am-ի գլխավոր խմբագիր. «Հենց նոր եմ իմացել այդ մասին: Շատ անսպասելի էր, որովհետեւ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կարծես, գոհ էր նրա աշխատանքից եւ Արթուր Պետրոսյանը պատրաստվում էր Ազգերի լիգային: Համենայնդեպս, նա իր վերջին մամուլի ասուլիսում խոսում էր այնպես, որ հավաքականը նախապատրաստում է եւ ինքն իր համար ինչ-որ բան տեսնում է: Եթե իսկապես ինքն է հրաժարական ներկայացրել, ենթադրում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը դժգոհ է մնացել հատկապես վերջին երկու ընկերական հանդիպումներից եւ պահանջներ է ներկայացրել: Մարզիչն էլ եկել է եզրակացության, որ չի կարող աշխատել Հայաստանի հավաքականում: Երկրորդ տարբերակը կարող է լինել այն, որ Ռուբեն Հայրապետյանն է հրաժարական պահանջել:
Ինչի հասավ Արթուր Պետրոսյանը: Չեմ կարծում, թե այսօրվա Հայաստանի հավաքականում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի օրոք մեր հավաքականը մի պահ խղճալի վիճակում էր: Արթուր Պետրոսյանի գալուց հետո որոշակի հույսեր արթնացան. կամային հաղթանակ եղավ Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում: Բայց դրանից հետո, հավաքականը պարտություններ կրեց եւ մրցաշարային աղյուսակում մոտիվացիան կորցրեց: Սկսվեցին փորձարկումներ, որոնք հիմնականում, կարելի է ասել, չստացված փորձարկումներ էին: Արթուր Պետրոսյանն իր հետ հավաքականին ոչ մի նոր բան չբերեց: Չեմ կարծում, թե նա այս ընթացքում հավաքականին նոր բան տվեց: Ֆեդերացիայի նախագահը բավականին նեղացրել է հավաքականի մարզչի թեկնածուների շրջանակը՝ հայտարարելով, որ միայն հայ մասնագետները պետք է ընտրանին գլխավորեն: Այս պահին չեմ տեսնում այնպիսի մասնագետի, որը կարող է հավաքականին ինչ-որ բան տալ: Վարդան Մինասյանի վերադարձը ցանկացած պահի հավանական համարում եմ, երբ գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնում: Բայց նա մինչեւ այսօր մերժել է բոլոր առաջարկները»:
Էդուարդ Քալանթարյան: Armenia TV. «Եթե անկեղծ լինեմ, Արթուր Պետրոսյանի հրաժարականն ամպրոպի էֆեկտ չուներ: Էստոնիայի եւ Լիտվայի հետ ընկերական վերջին երկու հանդիպումները միանշանակ վատագույնն էին նրա՝ հավաքականում անցկացրած ժամանակաշրջանում: Դրանք պետք է շատ հարցերի պատասխաններ տային, որոնք այդպես էլ չստացանք: Իհարկե, նրա գլխավորությամբ շատ լավ պահեր էլ ունեցել ենք: Ես Արթուր Պետրոսյանին հավանում եմ թե որպես անձնավորության, թե որպես ֆուտբոլիստի, թե որպես մարզչի, բայց հավաքական գլխավորելը շատ բարդ է եւ անգամ ընկերական խաղերում երկու անհաջողությունները կարող են հանգեցնել նման երեւույթի:
Մենք առջեւում ունենք Ազգերի լիգա, որն այս պահին Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի առաջնություն անցնելու գլխավոր մրցաշարն է եւ ամենալավ շանսը: Արթուր Պետրոսյանը վերջին ընկերական խաղերով ինչ-որ տեղ ցույց տվեց, որ չի կարողանա թիմը պատրաստել: Եթե մարզչական փոփոխություն պետք էր անել, ապա հիմա: Հետո չգիտենք ինչ կլիներ՝ նոր մարզիչը ռիսկ էլ չէր անի խոստումներ տալ:
Անձամբ ես կցանկանայի նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Արմեն Գյուլդուդաղյանցին, քանի որ Հայաստան վերադառնալուց հետո նա խաղային առումով շատ լավ ցուցանիշներ ունի: «Փյունիկը» գրեթե զրոյական վիճակից դարձել է բավականին համակրելի ֆուտբոլ խաղացող թիմ եւ դա այն դեպքում, երբ Գյուլբուդաղյանցը ֆուտբոլիստների ընտրություն առանձնապես չունի: ՀՖՖ կայքը գրել է, թե մի քանի օրից պարզ կդառնա, այնպես որ, պետք է մի փոքր սպասել»:
Խաչիկ Չախոյան: Ֆուտբոլային մեկնաբան. «Արթուր Պետրոսյանի հրաժարականն անակնկալ էր, քանի որ մինչեւ այս պահը ոչ մի խոսակցություն չկար: Նա մարզում էր թիմը, փորձարկումներ անում: Աշխատանքը գնահատում են արդյունքներով, իսկ հավաքականի արդյունքները, պարզ է, որ գոհացուցիչ չեն: Վերջին ընկերական խաղերի արդյունքը հրաժարականի պատճառ չեմ համարում, քանի որ դրանք ստուգողական են, եւ մարզիչը այդ խաղերն օգտագործում է իր հետագա պլանները կառուցելու համար: Չեմ կարող ասել, թե հավաքականը շատ լավ խաղեր ունեցավ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ: Ընդամենը մեկ հաջողություն ունեցանք Չեռնոգորիայի հետ խաղում: Մտածում էի, թե նա, այնուամենայնիվ, կմնա հավաքականի ղեկին:
Ո՞վ կարող է փոխարինել նրան, դժվար է ասել: Եթե տեղի մարզիչներից, ընտրության հնարավորությունը շատ փոքր է: Թերեւս, Արմեն Գյուլբուդաղյանցը: Վարդան Մինասյանի տարբերակն էլ չեմ բացառում: Եթե դրսից մասնագետ պիտի բերվի, դա բանակցությունների խնդիր է կամ գուցե դրանք արդեն ավարտվել են: Չգիտեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ