ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման հետեւանքով երբեմն կարող են խախտվել երեխաների հիմնարար իրավունքները, ոտնահարվել նրանց արժանապատվությունը: Խոսքը վերաբերում է հատկապես թոք-շոուների ժամանակ երեխաների անհատական տվյալների հրապարակմանը, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում:
«Վորլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն ապրիլի 6-ին «Հոդված 3» ակումբում այս խնդիրը դիտարկեց հատկապես իրավական հարթության մեջ: Հղում անելով տարբեր օրենքների ու կոնվենցիաների, տիկին Մուրադյանը նշեց, որ երեխաների մասին նյութեր պատրաստելիս չպետք է բացահայտել երեխայի ինքնությունը, քանի դեռ դա չի բխում հանրային շահից. «Պետք չէ երեխային ներկայացնել նվաստացուցիչ, արժանապատվությունը վիրավորող դրվագներում, որպեսզի հետագայում զերծ մնանք այս երեխային հասարակության եւ հատկապես իր հասակակիցների կողմից պիտակավորելու ռիսկից»:
Աիդա Մուրադյանը փաստեց, որ չնայած գործող օրենքներին, այսօր մի շարք բացեր են առկա: Ապա հավելեց. «Ցավոք, հեռուստահաղորդումներն ունեն իրավական ապահովագրում, քանի որ ունեն ծնողների համաձայնությունը երեխաների խնդիրները լուսաբանելու համար, ինչը խնդրահարույց է: Եթե մենք հաշվի առնենք, թե որքան է այդ ծնողների իրավագիտակցության մակարդակը, որոնք տալիս են այդ համաձայնությունը, ակնհայտ է, որ նրանք հաճախ չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ են համաձայնվել եւ բացասական առումով ինչ երկարաժամկետ հետեւանքներ դա կարող է ունենալ երեխաների վրա»:
Նա նաեւ ասաց, որ այսօր երեխայի մասին նյութերի ոչ պատշաճ լուսաբանման դատական նախադեպեր չկան. «Այն անձը, որ պետք է դիմեր դատարան, խոսքը երեխայի օրինական ներկայացուցչի` ծնողի մասին է, հաճախ հենց ինքն է հանդիսանում երեւույթի մեղավորը»:
«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանի ձեւակերպմամբ, երեխայի աղքատությունը, սոված, մրսած, վատ վիճակում գտնվող երեխայի լուսաբանումը կարող է սենսացիա առաջացնել, իսկ ամբողջ աշխարհում սենսացիաները միշտ էլ պահանջված են:
«Ամեն մարդ ինքն է որոշում, իր տվյալներն ուզո՞ւմ է հրապարակել, թե՞ ոչ, ծնողը իր համաձայնությունը տրամադրելիս պետք է առաջնորդվի ոչ թե իր, այլ երեխաների շահերով»,- նկատեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Հայրապետյանը:
Նրա խոսքերով, գործակալությունը լրատվամիջոցների հետ երկխոսելու փորձ ունի: Օրինակ, իրենց միջամտությունից հետո երեխաների ինքնասպանության թեմայով հրապարակումներից հանվել են երեխաների անուն-ազգանունները, փակվել դեմքերը: Այժմ ունեն համապատասխան ուղեցույց անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ. «Մեր գործակալության կողմից պատրաստվել է հատուկ ուղեցույց, որ կարող է օգտագործվել թե համացանցային լրատվամիջոցների, թե հեռուստատեսային ալիքների կողմից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ