«Իմ քայլը» արշավի մասնակիցները մոտ մեկ ժամ առաջ մուտք գործեցին ՀՀ Տավուշի մարզ:
Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց՝ Տավուշը 3-րդ մարզն է, որն այցելել են արշավականները:
Մինչ Տավուշի մարզ հասնելը «Իմ քայլը» արշավի մասնակիցները Դիլիջան ազգային պարկի եզրին՝ Ֆիոլետովո գյուղում, իրականացրին ծառատունկ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ժողովրդավարության ծառն ենք տնկում, քանի որ մեր պատկերացրած Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է, այլ ոչ թե ստահոդ ժողովրդավարության նման մի բան»:
Ծառատունկից հետո արշավականները շարժվեցին դեպի Տավուշի մարզ:
Նիկոլ Փաշինյանը քայլելիս անտարբեր չէր անցնում նաև կենդանիների նկատմամբ: «Չալո՛ արի»,- Փաշինյանն այսպես կանչեց իրենց ուղեկցող շանը:
Այնուհետև հանրությանը պարոն Փաշինյանը տեղեկացրեց, թե այսօր «հատում են հասարակածը»՝ արշավի 14 օրերից 7-րդն է. «Հիմա գտնվում ենք Լոռու և Տավուշի մարզերի վարչական սահմանի հատվածում՝ Դիլիջան ազգային պարկի տարածքում: Մի քանի կիլոմետրից մուտք կգործենք Տավուշի մարզ, որը կլինի 3-րդ մարզը: Մեր ճամփորդության ընթացքում կհատենք Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերը և կմտնենք Երևան: Կանցնենք ՀՀ հինգ մարզերի տարածքով: Ուզում եմ, որ մյուս մարզերի բնակչությունը, քաղաքացիները ըմբռնումով մոտենան: Հույս ունենք, որ չենք նեղացնում նրանց, որ իրենց մարզի տարածքով չենք քայլում, բայց հոգով ու սրտով նրանց հետ ենք: Ողջունում ենք նրանց և ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին սպասում Ազատության հրապարակում»:
Ճանապարհին մեքենան կանգնեցրեց մի անցորդ և դիմելով արշավականներին՝ հարցրեց. «Բարի օր Ձեզ, էս ի՞նչ արշավ է»: Արշավականները հայտնեցին, որ պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ և Գյումրիից գնում են Ազատության հրապարակ»: Անցորդ տղամարդը տեղեկացավ ու շարժվեց առաջ:
Քիչ անց Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց, որ ընդհատում են ուղիղ եթերը և մուտք գործում Տավուշի մարզ: Հետագայում կտեղեկացնեն արշավի ընթացքի մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից