Հայաստանը մուտք է գործում անցումային շրջան, որը նույնպես որոշակի փորձառություն է: Ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումները կփոխեն Հայաստանի կառավարման կարգը: Սերժ Սարգսյանի երկրորդ և վերջին նախագահական ժամկետը կավարտվի. գործող կառավարության հրաժարականին զուգահեռ հրաժարական կտա նաև նա՝ որպես նախագահ և կառավարության ղեկավար: Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը կդառնա նախագահ, բայց այդ պաշտոնը կկրի ավելի շատ արարողակարգային բնույթ, գրում է «Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Մեկ շաբաթ հետո Հայաստանը կունենա խորհրդարանի կողմից ընտրված նոր վարչապետ, որը կլինի երկրի փաստացի ղեկավարը և պատասխանատու կլինի տնտեսական, արտաքին և անվտանգության քաղաքականության համար: Հայաստանը դարձել է միայն մեկ թույլ ընդդիմությամբ «մեկուկես կուսակցական պետություն», որում գերակայում է իշխող Հանրապետական կուսակցությունը: Այնպես որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը հեշտությամբ կստանա, եթե ցանկանա: Ավելի վաղ Սարգսյանը հերքել էր, որ ինքը ցանկանում է դառնալ վարչապետ, բայց բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա ուզում է:
Ուստի, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի: Իսկապես, նախագահական վարչական շենքը, որտեղ Սարգսյանն աշխատում է, կդառնա վարչապետի գրասենյակ պարզապես դռան վրա ուրիշ ցուցանակով: (Ուշագրավ է, որ և՛ հեռացող, և՛ նոր նախագահներն ունեն նույն ազգանունը, այնպես որ սովորեք դրանք անգլերենով տարբեր կերպ արտասանել), գրում է Վաալը:
Ակնհայտորեն, սա մի մեխանիզմ է, որը թույլ է տալիս Հայաստանի իշխող էլիտային պահպանել իշխանությունը: Սա ընդունված մարտավարություն է հետխորհրդային տարածությունում, որտեղ առաջնորդները շարունակաբար կարկատում են սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար:
Վլադիմիր Պուտինը նույն քայլն արեց, երբ 2008թ. լրացավ նրա երկրորդ ժամկետը, չնայած որ Ռուսաստանում չկար ուժերի նոր բաժանում: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փոխեց երկրի սահմանադրությունը՝ առավելություն տալով վարչապետի գրասենյակին նախագահի նկատմամբ, բայց չկարողացավ օգուտ քաղել այդ քայլից, քանի որ դուրս մնաց այդ պաշտոնից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես թե ընդամենը մի քանի օրով առաջ է անցնում Սարգսյանից՝ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով ապրիլի 11-ին, որոնց արդյունքում նա լիակատար հաղթանակ կտանի: Ալիևը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003թ-ից, արդեն երկու անգամ փոփոխություն է կատարել սահմանադրության մեջ. առաջինով ազատվել է վերընտրվելու ժամկետների սահմաններից, հետո երկարաձգել է նախագահական իշխանության ժամկետը՝ 5-ից դարձնելով 7 տարի:
Առայժմ տպավորիչ է: Սարգսյանն իշխանության գլուխ է 2008թ-ից, ու դժբախտաբար, մինչ օրս այդ երկիրը չի կարողացել ընտրել նոր առաջնորդ:
Այնուամենայնիվ, եթե օբյեկտիվորեն խոսենք, նոր կոնֆիգուրացիան և ուժերի նոր բաժանումը կարող է ավելի լավ աշխատել Հայաստանի համար, քան նախորդը: Անցյալ ամիս այցելելով Հայաստան՝ տեսա, որ տրամադրությունն ավելի դրական էր, քան սպասում էի, կարծիք է հայտնում հոդվածագիրը:
4 տարի առաջ Հայաստանն իսկապես դեպրեսիայի մեջ էր: Տնտեսությունը հազիվ էր վերականգնվել 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում մեծ կորուստներից հետո: Մոսկվայի ճնշման տակ Սարգսյանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և փոխարենը միացավ Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միությանը՝ չնայած դրա կասկածելի տնտեսական օգուտներին:
Բայց Սարգսյանը խորամանկ քաղաքական գործիչ է, որը երկար խաղ է խաղում: Դրանից հետո նա ծանր աշխատանք է տարել՝ հասնելու առավել հավասարակշռված արտաքին քաղաքականության: Չնայած Ռուսաստանը մնում է նրա գլխավոր գործընկերը, Հայաստանը փրկել է Բրյուսելի հետ իր հարաբերությունների բազմաթիվ քաղաքական ասպեկտներ՝ անցյալ տարի ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Դա երաշխավորում է ԵՄ աջակցությունը ներդրումային ավելի լավ մթնոլորտ ստեղծելու, քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի հարցերում:
Կառավարությունը նաև նայում է դեպի Ասիա և ներդրումներ է ստացել Ասիական զարգացման բանկից՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար: Նաև ուղիներ է փնտրում ավելի լավ աշխատելու սփյուռքի կարևոր գործիչների հետ: Նրանցից ոմանք, ինչպիսին է «Տրոյկա Դիալոգ» բանկի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը, ներդրումներ են կատարում կրթական և ՏՏ ոլորտներում:
Բարձր պաշտոններում նշանակվածներն առավել տպավորիչ են, քան նախկինում: 2016թ. Սարգսյանն ազատվեց ցածր հեղինակություն ունեցող Հովիկ Աբրահամյանից և նշանակեց առավել դինամիկ վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, որն ապահովեց արտասահմանյան ներդրումների առավել բարձր մակարդակ և տնտեսական աճ (անցյալ տարվա ցուցանիշը՝ 7.5 տոկոս): Նա նաև ԱՄՆ-ում կրթություն ստացած 42-ամյա իր օգնական Վիգեն Սարգսյանին նշանակեց պաշտպանության նախարար: Նրա կարճատև պաշտոնավարումը կարելի է ամփոփել որպես կոռուպցիայի դեմ պայքար, որը շատերի կարծիքով 2016թ. ապրիլյան պատերազմի կորուստների պատճառն էր: Նոր նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես լավ ընտրություն է՝ լինելով Հայաստանի ամենահայտնի գործիչներից մեկը՝ ակադեմիկոս, դիվանագետ և գործարար:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը պարբերաբար հավաքել է խճանկարի կտորները, որը կարող է առաջ մղել Հայաստանը: Իհարկե, գլխավոր հարցն այն է, թե արդյոք այդպես կլինի:
Հիմնական խնդիրները շարունակում են մնալ: Խորհրդարանը, որն ավելի է հզորացել սահմանադրական փոփոխությունների հետևանքով, շարունակում է մնալ որպես կապող օղակ բիզնեսի և քաղաքականության միջև, որը կոռուպցիա է ծնում: Արտագաղթի ցուցանիշները շարունակում են մնալ բարձր: Ավելին, չլուծված Ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ սահմանների հիմնական խնդիրները շարունակում են կախված մնալ երկրի վրա, գրում է դե Վաալը:
Որոշ կառավարամետ հայեր Ղարաբաղյան հակամարտության անկայունությունը մեջբերում են որպես պատճառներից մեկը, թե ինչու Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը, շարունակում է հոդվածագիրը: Նրանցից մեկն ինձ ասաց, որ Սարգսյանը ցանկացել է հետ կանգնել, բայց չի տեսնում որևէ մեկին, որը կարող է փոխարինել իրեն: Մյուսն էլ ասում է, որ ապակայունացում չի լինի, եթե Հայաստանի դե յուրե առաջնորդը չլինի դե ֆակտո առաջնորդը (հաշվի առնելով, օրինակ, կողքից հայացքը Վրաստանի և նրա նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա):
Եթե այս դրական շրջադարձը հաստատվի, և վարչապետ Սարգսյանն իսկապես ցանկանում է ավելի լավ գործող և ավելի բաց Հայաստան, ապա մենք պետք է ուշադիր հետևենք՝ ում նա կնշանակի կառավարության առանցքային պաշտոններում: Այլ կերպ ասած, արդյո՞ք Սարգսյանն իսկապես ելք գտնելու ռազմավարություն է որոնում, թե նա պարզապես ուրախ կլինի տեսնել նույնը, ավելի շատ, եզրափակում է Թոմաս դե Վաալը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ