Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր Սարի թաղի բնակիչներ Կարեն Վանոյանի եւ Սարգիս Արաբաջյանի (լուսանկարում) գործով հերթական դատական նիստն էր: Նրանք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք՝ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր, տրանսպորտ ու գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (որովհետեւ տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից, եւ պարբերաբար անկանոն կրակոցներ են հնչել), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու: Այս գործով մեղադրյալներ են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:
Նախ դատավորը մերժեց իր դեմ նախորդ նիստում ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Սարիթաղցիների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այն ներկայացրել էր դատավորի՝ կողմնակալ լինելու հիմքով: Մերժումը ենթադրում է, որ այս գործի դատաքննությունը շարունակելու է իրականացնել Աննա Դանիբեկյանը: Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկան Վահան Կարագյոզովը, որի ցուցմունքները նույնն էին. նա նաեւ մյուս սարիթաղցիների գործով է վկայություններ տվել:
Միայն թե այս անգամ նա մի նախադասություն ասաց, որը գրավեց սարիթաղցիների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ուշադրությունը: Ոստիկանն ասաց. «Երբ քաղաքացիները ձեռքով-ոտքով հարվածել են ոստիկաններին, վերջիններս ոտքով պաշտպանվել են»: Պաշտպանը հարցրեց. «կբացատրեք՝ ոտքով ո՞նց են պաշտպանվում, ինչպե՞ս պատկերացնենք դա»:
Ոստիկանը ցույց տվեց՝ մեկ ոտքը բարձրացրեց ու հստակեցրեց. «Դե, օրինակ, ոտքը բարձրացնում է, կամ թեքվում է, որ հարվածը ոտքին կպնի»: Պատասխանը Լիպարիտ Սիմոնյանին չգոհացրեց. «Գուցե հակառա՞կն է եղել, ու քաղաքացի՞ն է ոտքը ծալել՝ պաշտպանվելու համար: Դուք պաշտպանվելը ու հարվածելը նույն շարժումով նկարագրեցիք»:
Վահան Կարագյոզովն, այնուամենայնիվ, պնդեց իր տեսածը: Ապա հայտնեց՝ քաղաքացիների նպատակն այն չէր, որ գային ոստիկաններին ծեծեին, այլ ի սկզբանե նրանք կենցաղային հարցերն են բարձրացրել: Ամբաստանյալներից Կարեն Վանոյանը հայտարարեց՝ Սարի թաղում բախումը հրահրել են քաղաքացիների շարքերը մտած քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ