2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստում այսօր հրապարակվեց նրա մահվան մեջ մեղադրվող՝ «Շենգավիթ» ԲԿ բժիշկներ Շուշանիկ Բախշյանի եւ Անի Բաբելյանի առնչությամբ մեղադրական ճառը: Ըստ այդմ, մեղադրող-դատախազը դատարանից պահանջեց նրանց մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման՝ Շուշանիկ Բախշյանի դեպքում՝ 3 տարի 6 ամիս, իսկ Անի Բաբելյանի դեպքում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով:
Դատախազը միջնորդեց նաեւ Բախշյանին երեքամյա ժամկետով զրկել բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից, իսկ Անի Բաբելյանին՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Մեղադրական ճառում ասվում է, որ բժշկուհիները ոչ պատշաճ եւ անբարեխիղճ են կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, ինչի պատճառով մահացել են ծննդկանն ու նրա նորածինը:
Հիշեցնենք, որ բժշկուհիներն իրենց մեղավոր չեն ճանաչում ու գտնում են, որ պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել: Նրանց շահերի պաշտպանների պաշտպանական ճառերը կհնչեն հաջորդ նիստում՝ ապրիլի 10-ին՝ 16:30-ին:
Ի դեպ, այսօրվա նիստում հայտարարվել է, որ այս քրեական գործում նոր հանգամանք է ի հայտ եկել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ