Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս տասը տարիների միակ նվաճումն այն է, որ լայնամասշտաբ պատերազմ չի եղել: Դա կարևոր է, կարող էր նաև շատ ավելի վատ լինել». Արմեն Բաղդասարյան

Ապրիլ 06,2018 14:21

«Տարածքներ խաղաղության դիմաց կոնցեպտը վաղուց արդեն անընդունելի է»,- «Հոդված 3» ակումբում «ԼՂ հակամարտությունը Սերժ Սարգսյանը 10 տարիներին. ո՞վ է պատասխան տալու հողային կորուստների համար» թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Փարիզի համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ Հայկ Մարտիրոսյանը:

Պարոն Մարտիրոսյանը զգուշացրեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ իր նպատակը Երևանն է, դատարկ ճառեր չեն, այլ դա ծրագրային ելույթ է. «Թուրքիան ու Ադրբեջանը հստակ գաղափարախոսություն են ձևավորել՝ թուրքական աշխարհի միացման ճանապարհին հայկական սեպը հանել: Հիասթափեցնելու համար նշեմ Սիրիայի և Իրաքի օրինակները: Մարդիկ հստակ գրավում են տարբեր քաղաքներ ու հողեր և փորձում ազդեցություն հաստատել»:

Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում սխալ քայլերից էր հայ-թուրքական արձանագրությունները. «Հայ-թուրքական արձանագրություններով ՀՀ-ն դե ֆակտո ճանաչեց Թուրքիայի սահմանները և այն, որ Թուրքիայից չունի հողային պահանջ, ինչը կարող է անուղղակիորեն վերաբերվել նաև Ադրբեջանին: Երկրորդ խնդիրն է այն, որ մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մնացին ու վերահաստատվեցին: Անցյալ տարի Հայաստանը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը շարունակում են մնալ որպես բանակցային հիմք: Բանակցությունների ձևաչափն այդպես էլ չի փոխվել: Սա անհասկանալիորեն քաղաքացիական գիտակցության մեջ մի մշակույթ է ստեղծել ՀՀ-ում, որ բանակցությունները պետք է շարունակել այն ձևաչափով, ինչ 1994-ին են սկսել՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: Մինչդեռ մարտահրավերները փոխվել են: Հողային տարածքները գործարքի մաս դարձնելու բանաձևը, երբ ամեն բան ակնհայտ է հակառակորդ կողմում, ուղղակի անընդունելի է»:

Դառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ-ն միանալով ԵԱՏՄ-ին, անվտանգային բաղադրիչ է լուծում, պարոն Մարտիրոսյանը թերահավատություն հայտնեց. «Հույս դնել ՀԱՊԿ-ի վրա նույնպես անհեթեթ է: Պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանի զորքերը մտնեն Հայաստան, և ՀԱՊԿ զորքերը մտնեն Հայաստան ու պաշտպանեն: ՀԱՊԿ-ի միջամտությունը կլինի հեռախոսային զանգի տեսքով ՀԱՊԿ-ի հիմնական երկրից: Պետք է նախապատրաստվել սեփական սցենարներով ու խաղով և այլ դաշնակիցների ներգրավել»:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանը փաստեց, թե նշված ժամանակահատվածում իշխանությունն արտաքին քաղաքականության ոլորտում մի տեսակ պարտադրված է եղել անել այն, ինչ արել են. «Այնպիսի ժամանակ էր, որ ՀՀ-ից շատ քիչ բան էր կախված: Մի շարք սխալներ կային, որ եթե դրանք թույլ չտայինք, կփոխեին ենթատեքստը»:

Պարոն Նավասարդյանն առանձնացրեց մի խումբ խնդիրներ, որոնք վերաբերում էին հայ- թուրքական հարաբերությունների համատեքստում ԼՂ հիմնախնդրի դիտարկմանը, ՌԴ-ից Հայաստանի կախվածության խորացմանը և բանակում կոռուպցիոն խնդիրները. «Հայաստանը, փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը դեպի ԵԱՏՄ, անվտանգության դաշտում մեծացրեց կախվածությունը Ռուսաստանից: Դա թույլ տվեց Ադրբեջանին ավելի հարձակվողական քաղաքականություն իրականացնել: Մենք չպետք է մոռանանք, որ եթե Ռուսաստանը ինչ-որ պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, պարտավորություններ ունի նաև Ադրբեջանի նկատմամբ և չի կարող վերջինիս ասել, որ իր կողմից վաճառված զենքը չօգտագործի իր հիմնական թշնամու դեմ»:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե Լելե թեփեն չուներ ռազմավարական նշանակություն՝ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց. «Տարածքներ խաղաղության դիմաց կոնցեպտը փոխել հնարավոր չի լինի, քանի որ դրա շուրջ համաձայնություն կա: Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն էլ կողմ են այդ կոնցեպտին: Իհարկե, իշխանությունները պիտի այդպես ասեն, որ իրենց բացթողումը լուրջ պարտություն չընկալվի: Այս տասը տարիների միակ նվաճումն այն է, որ լայնամասշտաբ պատերազմ չի եղել: Դա կարևոր է, կարող էր նաև շատ ավելի վատ լինել: Բայց փաստ է այն, որ ուժերի հավասարակշռությունը փոխվել է ոչ մեր կողմը, այն խախտվել է ի վնաս մեզ»:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ փորձագետներն ընդունեցին, որ երկրում ներքին մարտահրավերները բոլորն էլ բխում են նրանից, որ իշխանական համակարգը չի փոխվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30