Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը հերքում է տեղեկությունները, որ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: «Նման բան չկա: Իհարկե, տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է, բայց երբ համատեքստը վերլուծում ես, հասկանում ես. հետեւի ականջները մի փոքր երեւում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանն, առաջարկելով` այցելել Բյուրական եւ համոզվել, որ ինքը որեւէ առանձնատուն չի կառուցում:
Հիշեցնենք, այսօր «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Ըստ հրապարակման, դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:
«Սոցիալական ոլորտում ես կցանկանայի նախ` արդեն իսկ նմանատիպ համեմատություններից զերծ մնանք. եկեք խոսենք ներկայի եւ ապագայի մասին: Իսկ ներկայի եւ ապագայի հետ կապված իմ սկզբունքները եւ մոտեցումները, աշխատաոճը, յուրաքանչյուր առիթի դեպքում առանց զլանալու եւս մեկ անգամ կրկնում եմ, արդարությունն է, սոցիալական ոլորտի աշխատողների դերի եւ հարգանքի բարձրացումն է, պատշաճ ծառայություն մատուցելն է, եւ յուրաքանչյուր ամիս 25 միլիարդ դրամ տնօրինող կազմակերպության մեջ կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելն է: Ես պարզ ճակատով կարող եմ ասել, որ որեւէ կենսաթոշակի, որեւէ նպաստի մեկ լումա անգամ համակարգված ձեւով որեւէ մեկը չի կարող այսօր գողանալ, կոռուպցիոն գործարքների միջոցով տնօրինել, վերցնել, հափշտակել,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը տարվել եւ տարվում է իր նշանակման օրվանից եւ, որ այդ ամենին հասել են ՍԱՊԾ-ի աշխատակազմի միջոցով, ովքեր այդ սկզբունքները կիսում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ