Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան այլեւս թշնամի պետք չէ»

Ապրիլ 06,2018 13:55

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օրերս կայացած Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է պատմական: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նկատեց` երեք կողմերն էլ ակնհայտ ձգտում ունեն` համատեղ ինչ-որ խնդիրներ լուծելու: Սակայն ուշագրավ եւ կարեւոր է այն, որ գործ ունենք երեք այնպիսի կողմերի հետ, որոնց ռազմավարական շահերը արմատապես տարբերվում են միմյանցից: «Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով, տարածության եւ ժամանակի մեջ, նրանց շահերը համընկել են: Մենք գործ ունենք կոշտ ռեալ-պոլիտիկի հետ, որը վարում են երեք կողմերն էլ»,- ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը նկատել է նաեւ, որ երեք երկրներն էլ անում են ամենը, որ առկա հակասություններն ավելորդ լարվածությունների չտանեն եւ կարողանան ներդաշնակեցնել իրենց շահերն այնտեղ եւ այնքան, որտեղ եւ որքան հնարավոր է:

«Երեք սուբյեկտներն էլ էապես տարբերվող, բայց ունեն խորը հակասություններ արեւմուտքի հետ: Այս իմաստով, նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները լուծեն միայն երեքով`թույլ չտալով, պայմանական չորրորդ խաղացողի առկայությունը: Դա առայժմ չի ստացվում նրանց մոտ, քանի որ այնտեղ առկա են ԱՄՆ-ը, քրդական գործոնը: Ուստի, գործ ունենք շարունակական պատային իրավիճակի հետ Սիրիայում»,-գտնում է Ռուբեն Մեհրաբյանը` նկատելով, որ որեւէ մեկը թույլ չի տալիս արաբներին`լուծել իրենց խնդիրները: Անգամ չեն էլ հարցնում, թե արաբներն ի՞նչ են ուզում:

Եթե իրադարձությունները հանգեցնեն ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունու փլուզման, ըստ նրա, առավելապես Թուրքիան կտուժի, իսկ Իրանը գրեթե չի տուժի:

«Երեւանյան պրիզմայի» տեսանկյունից, Ռուբեն Մեհրաբյանը նկատում է` գործ ունենք իրողության հետ, որի հետ չենք կարող հաշվի չնստել. «Այստեղ մեր սխալի գինը կարող է լինել ճակատագրական: Սխալվելու իրավունք չունենք»:

Այս եռանկյունուց ուղիղ վտանգ`արցախյան հարցի համատեքստում, բանախոսը չի տեսնում: Բայց, որ ուշի-ուշով պետք է զարգացումներին հետեւել`վստահ է: «Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի պահպանումը, Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերությունների զարգացումը եւ Թուրքիայի հետ, քայլ առ քայլ`բնականոն, կանխատեսելիության հուն տանող հարաբերությունների ապահովումը»:

«Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան այլեւս թշնամի պետք չէ»,- համոզված է Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ տեւական ժամանակ քննարկվող S400-ների գործարքին էլ, քաղաքագետը նկատեց. «Բլեֆը վերածվեց իրականության»: Ամեն դեպքում, ասում է` բարդ է հասկանալ, թե Թուրքիայի ինչի՞ն են պետք այս համակարգերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30