Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի գեղեցիկ օր էլ կարող է Արթուր Վարդանյանը կյանքին հրաժեշտ տա». Զինված խմբի ղեկավարի առողջական վիճակը պնդում են՝ վատ է

Ապրիլ 06,2018 13:48

Նորք -Մարաշի զինված խմբի գործով դատական նիստին այսօր, ինչպես տեղեկացրել ենք, հրապարակվեցին Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որտեղ նա խոսում էր զենքի նոր խմբաքանակի ձեռքբերման մասին:

Զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատավորին ասաց, որ անհասկանալի է, թե ինչու են հրապարակվում այս սերիալային ձայնագրությունները, քանի որ Արթուր Վարդանյանը հայտնել է, որ զենքը, որը հայտնաբերվել է, իրենն է եւ միեւնույն ժամանակ հայտնել է, թե այդ զենքն ինչի համար է եղել:

Նա միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է եւ միջնորդում է նրան հիվանդանոց տեղափոխել. «Արթուր Վարդանյանի առողջությունը վատթարացել է, իր կյանքին վտանգ է սպառնում: Շուրջ մեկ տարի է, ինչ Արթուր Վարդանյանը բողոքում է առողջական վիճակից, մասնավորապես՝ չկարգավորվող ջերմությունից, ճնշման տատանումից, գլխապտույտից, որովայնի շրջանում սուր ցավերից: Արդեն անզեն աչքով էլ երեւում է, որ աչքերի մեջ կա դեղնություն, մարմնի որոշ մասերին՝ կարմիր բծեր»:

Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Քրեակատարողական հիմնարկում տեղյակ են Արթուրի վիճակի մասին, նրա ջերմությունը տատանվում է 37.4-ի սահմանում, նրան զննել են տարբեր մասնագետներ՝ թոքաբան, նյարդաբան, սրտաբան, թերապեւտ, թոքերի ռենտգեն են կատարել, մեզի արյան ընդհանուր, բիոքիմիական անալիզներ է տվել, նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ, բուժման կուրս է ստացել, բայց առողջական վիճակը ոչ միայն չի լավացել, այլ նաեւ վատթարացել է: Նա ասաց, որ Վարդանյանը գիշերվա ժամերին արթնանում է շնչահեղձումից, ջերմությունը չի կարգավորվում, աչքերի մեջ դեղնությունը ավելացել է, վերջին շրջանում անզգայացել են ձեռքի, ոտքի մատները:

Նա ասաց, որ Վարդանյանի առողջական վիճակը բացասական դինամիկա է գրանցել, ուստի միջնորդում է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Փաստաբանի խոսքով՝ «Ես ցանկանում եմ դատարանը քննի միջնորդությունը, որպեսզի հետագայում մի գեղեցիկ օր էլ մենք վեր կենանք տեսնենք, որ կարող է Վարդանյանը կյանքին հրաժեշտ տա, այդ ժամանակ դատարանը թող մտածի իր պատասխանատվության մասին»:

Դատավոր Բեկթաշյանն ասաց, որ միջնորդությունը կուղարկի քրեակատարողական, նա զարմացել էր, թե ի՞նչ ասել է՝ մի գեղեցիկ օր Վարդանյանն իր կյանքին հրաժեշտ տա. «Վատ կանխորոշումներ ունեք»:

Փաստաբանն էլ ասաց, որ մեկ տարի է՝ հիվանդությունը բացասական դինամիկա ունի, քթից արդեն արյուն է գալիս: Բեկթաշյանն էլ ասաց, որ բրոնխիտ է հայտնաբերվել, ստացել է համապատասխան բուժում:

Ի դեպ, այսօր դատական նիստից առաջ էլ Արթուր Վարդանյանի համար դատարան շտապօգնություն կանչեցին: Մինչ այդ նա հրաժարվում էր շտապօգնության ծառայությունից՝ ասելով, որ «պիտի գան, անալգին տան»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30