Նախարարի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ
Ապրիլի 6-ի՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ մարզիկներին, մարզիչներին, մրցավարներին, մարզասերներին:
Սպորտն այն բացառիկ ոլորտն է, որը ծառայում է արդարության, համախմբման, մրցակցի նկատմամբ հարգանքի և համերաշխության համընդհանուր գաղափարներին:
Սպորտը, լինելով նաև կրթության, զարգացման, առաջընթացի և խաղաղության խորհրդանիշներից մեկը, նպաստում է տարբեր ազգերի և հանրության ամենալայն շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարների տարածմանը և հաստատմանը:
2013 թվականի օգոստոսի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը, ապրիլի 6-ը հռչակելով Սպորտի միջազգային օր, մեկ անգամ ևս ընդգծեց սպորտի նշանակությունը՝ որպես զարգացման և խաղաղության գրավականի:
Կրկին շնորհավորում եմ բոլորին, մաղթում լինել առողջ, կոփված, զբաղվել սպորտով և միանալ մեր համերաշխ մարզական ընտանիքին՝ մարզաշխարհին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան