Լրահոս
Օրվա լրահոսը

3 տարի անց ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար եւս մեկ բժշկի մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 06,2018 13:39

Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր 2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ նրա մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիության ընթացքը եւ իրեն մեղավոր չի ճանաչում, եւ բժշկուհի Անի Բաբելյանը:

Այսօր ավարտվեց դատաքննությունը հավելյալ փաստաթղթերով համալրելու փուլը: Ըստ այդմ, Մերի Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ, համաձայն որի՝ 2011թ. Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո գտնվող հղի կնոջ ծննդաբերության ժամանակ անհապաղ «կեսարյան հատում» կատարելու ցուցման պայմաններում իրականացվել է բնական ճանապարհով ծննդալուծում. դրա հետեւանքով երեխան ծնվել է ուսի հոդային վնասվածքով եւ այժմ հաշմանդամություն ունի:

Մարինե Թովմասյանի խոսքով՝ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել, գործի վարույթը, սակայն, կարճվել է 2016թ.-ին՝ գործի վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով:

Դատավոր Դավիթ Բալայանն ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նշյալ փաստաթուղթը Բախշյանի անձի բնութագրական հանգամանք է, որից կախված է հնարավոր պատիժը:

Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, պնդեց, որ այդ հանգամանքն այս քրեական գործին վերաբերելի չէ:

Ապա Սիրունյանը եւս փաստաթուղթ ներկայացրեց դատարանին, համաձայն որի՝ բոլորովին վերջերս՝ 2018թ.-ին, քննիչ Պետրոսյանի կողմից Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրանք է առաջադրվել Տիգրան Սարգսյանին: Ըստ այդմ, նա մեղադրվում է այն բանում, որ աշխատելով «Շենգավիթ» ԲԿ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ 2015թ. բուժօգնություն կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն, իր մասնագիտական պարտականությունների հանդեպ անփույթ վերաբերմունք է ցուցաբերել, ինչի պատճառով առաջացրել է Մերի Մարգարյանի, իսկ հետագայում՝ նրա նորածնի մահը:

Մերի Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց՝ իր տեղեկություններով եւս Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, քննությունն ընթանում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30