«Ռուս-թուրքական հարաբերությունները աննախադեպ ջերմացման փուլում են»,- այս եզրահանգման եկել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը`հետեւելով Անկարայում օրերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան երկկողմ, ապա նաեւ Իրանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներին: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նկատեց`ռուս-թուրքական մերձեցումը կանխատեսելի էր`նկատի ունենալով երկու երկրների միջազգային մեկուսացումը:
Ռուս-թուրքական մերձեցման հերթական փուլը, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանի համար անհանգստացնող պետք է լինի: Ասում է`այդ մերձեցումը աննախադեպ ծավալներ է ընդգրկում. «Մտահոգվելու տեղ ունենք»:
Լրագրողների մտահոգությունները վերաբերում էին արցախյան պատերազմում ազատագրված տարածքներին: Քաղաքագետն էլ փարատում է դրանք` Ռուսաստանի կողմից դեռեւս չի եղել Հայաստանի շահերի դավաճանման, մասնավորաբար, տարածքների զիջման, կոնկրետ քայլ, ուստի, նման հետեւություն անել ճիշտ չէ. «Բայց այդ ռիսկը առարկայական է: Հայաստանը դադարել է լինել միջազգային հարաբերություններում իրական սուբյեկտ եւ իր շահերից ավելի գերադասում է գործընկերներից ոմանց շահերը»:
Թե ինչի՞ կարող է հանգեցնել բարեկամի եւ թշնամու մերձեցումը մեզ համար, իբրեւ դասական օրինակ Հայկ Մարտիրոսյանը բերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսկ քանի որ արցախյան հակամարտության հարցում Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, բանախոսը կասկած չունի`եթե հանկարծ բախում լինի, Թուրքիան անպայման դրա մասնակիցը կլինի. «Իհարկե, Թուրքիայի բացահայտ ռազմական մասնակցությունը չի ունենալու: Այսինքն, թուրքական համազգեստներով զինվորներ չեն լինի, բայց թուրքական ստորաբաժանումները մասնակցելու են, ինչը լուրջ խնդիր է մեզ համար: Հայաստանը ի՞նչ ունի սրան հակազդելու: Թուրքիան նաեւ ռազմական օգնություն է տրամադրելու Ադրբեջանին եւ Թուրքիան` օգտագործելով ռուս-թուրքական հարաբերությունների այս մերձեցումը, դիվանագիտական ու քաղաքական առումներով, ճնշումները Ռուսաստանի նկատմամբ ուժեղացնելու է»:
Նա նաեւ նկատեց. «Թուրքիան իր շահերը հետապնդում է եւ շատ խելացիորեն կարողանում է քաղաքական առևտուր անել, քաղաքական շանտաժի ճանապարհով արդյունքի է հասնում»:
Այս ամենի արդյունքում Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փոփոխությունների ենթարկի իր հարաբերությունների ձեւաչափը` Ռուսաստանին հստակ հասկացնելով, որ Հայաստանը չի կարող դառնալ իր եւ Թուրքիայի հարաբերություններում սակարկության խնդիր. «Պետք է Ռուսաստանի ամենաբարձր մակարդակով մեսիջներ ուղարկվի, որ Արցախը չի կարող դառնալ Թուրքիայի հետ քննարկման առարկա»: Իր կարծիքով, եթե Հայաստանը շարունակի մնալ չեզոք եւ քնած վիճակում, բացառված չէ, որ Հայաստանի բարեկամները կփորձեն խնդիրներ լուծել:
«Եթե պատերազմը անխուսափելի է, ապա Հայաստանին ձեռնտու է, որ այն առավելագույնս շուտ լինի, քանի որ ժամանակի հետ համընթաց ավելի է թուլանում Հայաստանը»,-գտնում է բանախոսը:
Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանը նոր, լավ, որակյալ եւ վստահելի դաշնակիցներ փնտրի, մանավանդ, այդպիսի երկրներ իր համոզմամբ կան: Օրինակ`Չինաստանը, որը «հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում եւ հեռահար քաղաքականություն է վարում հակակշիռներ ունենալու առումով»:
Բանախոսը Հայաստանի համար բոլորվին անտեսված ուղղություններ էլ է մատնանշում`Եթովպիան, Հնդկաստանը եւ մի շարք այլ պետություններ, որոնց ուղղությամբ ուղղակի պետք է աշխատել. «Այս պետությունները, Հայաստանին անլուրջ չեն վերաբերվում, իսկ Հայաստանը նրանց կարծես անլուրջ է վերաբերվում եւ խաչ է քաշել նրանց վրա»:
Ի դեպ, նա չի կարծում, որ Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ