«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթուղթը՝ անկախ լուսաբանումից և անկախ իր լայն թիրախներից, դեռևս զուտ կաբինետային փաստաթուղթ է։ Հասարակությունը շարունակում է ապրել նույն իրականության մեջ, որտեղ բևեռացումը փոքրաթիվ ունևորների և չքավոր և մերձչքավոր շերտերի միջև ուղղակի սահմռկեցուցիչ է։
Հայաստանում ոչ թե մինչև 2030 թվականը, այլ շատ ավելի կարճաժամկետ փուլում, անհրաժեշտ է սոցիալական լարվածության թուլացում, կոնկրետ շերտերի համար սոցիալական և հանրային ծրագրերի իրականացում։ Չի կարող 21-դարում, Հայաստանում լինել երեխա, որ դպրոց չհաճախի շորի, կոշիկի, կամ գրենական պիտույքի բացակայության պատճառով։ Չի կարող լինել կիսաքաղց աշակերտ։ Չի կարող լինել երեխայի համար դեղի կամ բուժման խնդիր։ Չի կարող լինել միայնակ, անօգնական տարեց։ Չի կարող լինել անմարդկային չքավորության մեջ ապրող ընտանիք, որտեղ երեխաները մեծանում են առնետների ընկերակցությամբ և այլն, և այլն։ Չպետք է լինի։ Եթե աշխատի խողովակը՝ խնդրի բարձրացման, ձևակերպման և իշխանության օղակների միջև, ապա շատ հարցեր կարելի է լուծել և լուծման ռեսուրսները կարելի է գտնել։ Այս պնդման լավագույն ապացույցն է այն, որ, անկախ բոլոր դժվարություններից, մեր նորագույն պատմության ընթացքում, երկրում իրականացվել են մի շարք հետաքրքիր ու կարևոր սոցիալական ծրագրեր։ Սա նշանակում է, որ հարցի ճիշտ ձևակերպման և ապագա կառավարության ճիշտ արձագանքի դեպքում շատ այլ, անլուծելի խնդիրներ, կարող են ստանալ իրենց լուծումը։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»