Նախագահի հայտարարությունը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում հիմնական ուշադրությունը դարձնել երիտասարդ կադրերի թրծմանն ու պատրաստմանը, մի կողմից ընկալվում է որպես անհրաժեշտություն, մյուս կողմից էլ՝ կարծես թե մենք լողում ենք առատության եւ անհոգության մեջ, եւ նախագահն իրեն թույլ է տալիս զբաղվել ուսումնական հարցերով եւ ձեռքի հետ էլ վարչապետություն անել։ Կյանքը ցույց է տալիս, որ կուսակցական եւ քաղաքական աշխատանք կարող են կատարել այն անհատները, որոնք ունենում են քաղաքական պայքարի նշանակալի փորձ։ Խաղաղ գոյակցության պայմաններում երկրի ներսում քաղաքական պայքարն ընթանում է հանրության քվեն ստանալու, իշխանության լծակները վարելու, ինչպես նաեւ երկրի հարաճուն զարգացումն ապահովելու համար։ Այդ պայքարն ընթանում է գոյություն ունեցող կուսակցությունների միջեւ իրենց առաջարկած ծրագրերի, դրանց իրականացման ճանապարհների ընտրության միջեւ։ Իշխող կուսակցությունը միշտ պետք է զգա իր հետեւից ընդդիմության շունչը։ Որտեղ չկա ընդդիմություն, այնտեղ չի կարող լինել քաղաքական պայքար, եւ չկա քաղաքական պայքարի փորձ։ Իշխող կուսակցության համար ընդդիմության ապահովումը նույնպիսի հոգս է, ինչպես աշխատատեղերի ապահովումը, ներքին եւ արտաքին անվտանգության ապահովումը եւ այլն։
Ուժեղ ընդդիմությունն է իշխող կուսակցության եւ կոալիցիայի խթանը, հակառակ դեպքում չկա զարգացում, կա լճացում։ Քաղաքական պայքարի բնագավառում սովորեցնելու իրավունք ունեն այնպիսի ճանաչված անհատներ, ինչպիսին են Ուինսթոն Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Աբրահամ Լինքոլնը եւ նրանց նմանները, որոնց անդադրում միտքն ուղղված է եղել երկիրը զարգացման նոր աստիճանի հասցնելուն՝ այն դարձնելով ավելի հզոր եւ անխոցելի։
Փորձեք ծանոթանալ նրանց գործունեությանը։ Սովորեցնելուց առաջ բարի եղիր ստեղծել, արարել, եւ այդ դեպքում մարդիկ առանց քո ջանքերի էլ կուսումնասիրեն արածդ, փորձդ։ Իսկ իրականում ի՞նչ է ստացվում․ երկիրը հայտնվել է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, եւ դու իրավունք ես վերապահում քեզ սովորեցնել ուրիշներին՝ երկիր ղեկավարել։ Ո՞վ չի հասկանում, որ երկրի կառավարումը խաղուպար չէ, բայց կան բացթողումներ, որոնք հեռվից էլ իրենց զգացնել են տալիս։
Սուրեն ՍՈՒՎԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում