Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին արդեն 5-րդ (ամենաբարձր, ամենավատ) կարգի աղտոտվածության ջուր ունի. Սեյրան Մինասյան. «Իրատես»

Ապրիլ 06,2018 11:46

Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Սեյրան Մինասյանը երկար ժամանակ ուսումնասիրում է Հայաստանի գետերի ջրերի բաղադրությունը, ջրի որակը: ՀՀ գետերի այսօրվա վիճակի առնչությամբ պատասխանելով հարցին, թե կա՞ մտահոգվելու առիթ, Սեյրան Մինասյանն ասաց. «Այո, կա մտահոգվելու առիթ և այդ առիթը հետևյալն է: Դեռ 5-6 տարի առաջ մեր գետերում ջրերի որակի առումով բավական լավ պատկեր ունեինք. աղտոտվածության ռիսկային գոտիները կազմում էին մինչև 20 տոկոս: 2017 թվականին աղտոտված էր մեր գետային ավազանի արդեն 35 տոկոսը: Հայաստանի գետերի 20 տոկոսից ավելին արդեն 5-րդ (ամենաբարձր, ամենավատ) կարգի աղտոտվածության ջուր ունի, ինչը նշանակում է, որ այդ գետերի ջրերն այլևս պիտանի չեն ոչ ձկան աճեցման, ոչ ոռոգման համար, որևէ նպատակով օգտագործելը գործնականում նույնիսկ վտանգավոր է: Գետերի մոտ 15 տոկոսը 4-րդ կարգի ռիսկային աղտոտվածություն ունի, այսինքն` մեր ջրերի որակի վատացումն անշեղորեն շարունակվում է: Եթե համեմատում ենք 2010-2011 թվականների վիճակի հետ, ապա 2017 թվականի դրությամբ արդեն մոտ 1,5 անգամ ավելի շատ աղտոտված գետեր, ջրային գոտիներ ունեինք: Սա է պատկերը»:

Իսկ որո՞նք են Հայաստանի գետերի աղետալի աստիճանի հասած աղտոտման հիմնական գործոնները: Փորձագետի հավաստմամբ, դրանք են հանքարդյունաբերությունը, կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը, որոնք անարգել հոսում են դեպի գետեր, և պարզապես գետերի աղբոտումը:

«Ամենավատն այն է,- շարունակեց պարոն Մինասյանը,- որ հանքարդյունաբերության ազդեցությամբ աղտոտվածի մասնաբաժինն է ավելանում: Գետերի աղտոտման հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, այն նաև ամենավտանգավորն է, որովհետև հանքարդյունաբերության աղտոտումը չեզոքացնելը, վերականգնելը, կառավարելն ավելի դժվար է: Եթե բնությունն իր ինքնամաքրման կարողության շնորհիվ կարողանում է կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտումը համեմատաբար կարճ ժամանակաընթացքում մաքրել, ապա հանքարդյունաբերության պատճառով աղտոտումը կարող է և անդարձելի լինել, այսինքն` հնարավոր չլինի վերականգնել գետի ջրի նախնական, մինչև հանքարդյունահանումը եղած վիճակը»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30