Ինչպիսին է լինելու Հայաստանը 2030 թվականին: Շատերի համար դա մի հեռավոր թվական է, որի մասին մտածելը ոչ միայն կթվա անիմաստ, այլ շատերն անգամ կալարեն մտածել այդ մասին, հատկապես երբ Հայաստանում շատ դժվար է ասել, թե 2019 թվականն ինչպիսին է լինելու պետության զարգացման տեսանկյունից: Մյուս կողմից, 15-20 տարիների հեռանկարը որևէ քիչ թե շատ լուրջ պետականության պարագայում թերևս պետք է լինի շատ սովորական մի բան: 2030 թվականը սարերի հետևում չէ, և ընդամենը 12 տարի անց մենք ապրելու ենք հենց այդ թվականում: Ըստ այդմ, երբ նախագահի նստավայրում քննարկվում է 2030 թվականի ռազմավարությունը, այն պետք է ոչ միայն հեռավոր մի ժամկետ դիտարկել, այլ գուցե նույնիսկ դիտարկել ընթացիկ թիրախների շարքում: Վերջին հաշվով, այսօր արդեն մենք ավարտում ենք Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակը, երբ թվում է, թե ընդամենը երեկ էր 2008 թվականը:
Հետևաբար, մենք այսօր արդեն տեսնում ենք, արդեն մեր, այսպես ասած, մաշկի վրա զգում ենք, որ եթե 2008 թվականին Սերժ Սարգսյանի առաջ հանրայնորեն դրվեին 2018 թվականին առնչվող, 2020 թվականին առնչվող հարցեր, այդ հեռանկարային կտրվածքով հարցադրումներ, ապա դրանք ամենևին չէին լինի խիստ վերացական, անորոշ-հեռավոր, օրվա խնդիրներից կտրված և առավել ևս օրվա խնդիրներից շեղելու նպատակ հետապնդող: Մենք հիմա մեր կենսափորձով տեսնում ենք, որ 2008 թվականին 2018-ի վերաբերյալ հարցադրումները կլինեին բավականին առարկայական և արդիական: Հետևաբար, երբ նախագահի նստավայրում քննարկվում է 2030-ի ռազմավարություն, խնդիրը, անշուշտ, ամենևին այն չէ, թե 2018-19-20-նները թողած, քննարկում են 2030-ի հարց, կամ ներկայիս արտագաղթը թողած, քննարկվում է կամ հայտարարվում 2040-ի 4 միլիոնանոց Հայաստանի մասին: Խնդիրն այն է, որ դրվող նպատակներն ու հռչակվող մեգանախագծերը պետք է ոչ թե մերժել այս օրով, այլ այս օրով քննել:
Թե ինչու է իշխանությունը ձեռնամուխ եղել մեգանախագծերի կամ մեգանպատակների հռչակման, կարող է ունենալ տարբեր պատճառներ, ու թերևս տարբեր պատճառներ էլ հենց ունի: Իհարկե դրանցից մեկը քարոզչությունն է, բայց ընդամենը մեկը: Վերջին հաշվով, իշխանությունը, Սերժ Սարգսյանը, անկասկած, լավ են պատկերացնում, որ քարոզչությամբ ներկայիս տեղեկատվական դարում և առանց այդ էլ փոքր, բայց դրա շնորհիվ էլ ավելի փոքրացած Հայաստանում հնարավոր չէ մարդկանց ականջներից ինչ-որ բան կախել: Բոլորը ամեն ինչ գիտեն: Ըստ այդմ, խիստ կասկածելի է քարոզչությունը որպես գլխավոր նպատակ դիտարկելն անգամ: Ոչ երկրորդական, իհարկե, բայց նաև ոչ գլխավոր: Խնդիրն այն է, որ իրավիճակի առանցքային փոփոխությունները ներկայումս հրամայական են նաև իշխանության համար: Ավելին, իշխանությունն ամենից լավ է պատկերացնում, թե ինչ կարող է լինել չփոխվելու հետևանքը:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում