Սերժ Սարգսյանի վարչապետացման շուրջ ՀՀ ներքաղաքական շերտերում տեղի ունեցող գործընթացների ֆոնին հանկարծ մի քանի տողանոց տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը գտնվում է Ղազախստանում։
Բայց ինչն է ստիպել «Հայաստանի ընտրված նախագահին» գնալ Ղազախստան։ Որքանով է Ղազախստանը հիմա կարևոր Հայաստանի համար։ Ու ինչո՞ւ մի բանի օր տևած այդ այցից հաղորդագրություն է տարածվում, որի միակ բովանդակությունը հայ համայնքի հետ մի քանի րոպե տևած ու բոլորովին անբովանդակ հանդիպումն է:
Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան խիստ մասնավոր է: Ավելի ճիշտ՝ խիստ գործնական։ Ընդ որում, գործնական ոչ որպես «Հայաստանի ընտրված նախագահ», այլ գործնական՝ զուտ որպես բիզնեսմեն՝խոշոր բիզնեսմեն։
Արմեն Սարգսյանին Ղազախստանի հետ կապում են մեծ գործեր։ Հայտնի փաստ է, որ Արմեն Սարգսյանը շատ մտերիմ է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի եւ հատկապես նրա դստեր՝ Դարիգա Նազարբաեւի հետ։
Ըստ տեղական և արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումների. Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ղազախստանում շատ մեծ են ու նշանակալից։ Արմեն Սարգսյանի անունը, մեղմ ասած, կապվում է այդ երկրում նավթամթերքների, գազի, նույնիսկ մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ։
Ու հիմա հանգամանքները դնենք իրար կողքի։ Արմեն Սարգսյանը Ղազախստանում ունի մեծ բիզնես շահեր, նա մի քանի օրով այցելում է Ղազախստան, այդ այցի մասին մի հաղորդագրություն է տարածվում, ըստ որի՝ նա մի քանի րոպեով հանդիպել է ղազախական հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հենց սրանից ակնհայտ է դառնում, որ Արմեն Սարգսյանը, որը «Հայաստանի ընտրված նախագահն է», Ղազախստան է մեկնել իր գործերով ու բացառապես իր գործերով։ Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ամպագոռգոռ արտահայտություններով համեմված, բայց ոչինչ չասող, անբովանդակ հանդիպումը եղել է ընդամենը ձեռքի հետ կազմակերպված մի միջոցառում։ «Հայաստանի ընտրված նախագահը», այսինքն, ակտիվորեն զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում