Իհարկե, դեմոկրատիան լրիվ չի ջախջախվի այն պատճառով, թե նիստերը կլինեն դռնփակ՝ առանց ուղիղ հեռարձակման։ Լրագրողները կկարողանան էլի նիստերի օրը մուտք գործել կառավարության նախասրահ ու սպասել այս կամ այն նախարարի իջնելուն։ Թե ով կիջնի եւ ինչ հարցերի շուրջ կզրուցի, կորոշեն տեղում՝ տվյալ նիստից հետո։
Դավիթ Հարությունյանին հարցրինք նաեւ՝ ապագա վարչապետը, ի վերջո, քանի՞ նստավայր է ունենալու։ Հարությունյանն ասաց՝ երկու․ մեկը կլինի Բաղրամյան 26-ը՝ ներկայիս նախագահականը, մյուսը՝ կառավարության շենքը։ «Արդարադատության գուրուն» սա հիմնավորեց ավելի օպտիմալ լուծումներով․ «Վարչապետը, բնականաբար, ունենալու է երկու նստավայր, որովհետեւ կառավարության անդամների հետ թերեւս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»։ Հետո ավելի բացեց «հիմնավորման» փաստարկները։ «Բանն այն է, որ վարչապետի լիազորությունները, ինչպես գիտեք, այն աստիճան են ընդլայնված այս պարագայում, որ գործող նախագահի լիազորությունների մի զգալի մասն իրականացվելու է դարձյալ վարչապետի կողմից։ Զուտ կառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքն այդ առումով հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար։ Իսկ կառավարության շենքը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար։ Այս առումով ես կարծում եմ, որ որեւէ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն իրականացվելու է այլ տարածքում»,-ասաց նա։
Իսկապես, զարմանալու բան չկա, որ Դավիթ Հարությունյանը կարող է հիմնավորել ցանկացած բան՝ անգամ ամենաանտրամաբանականը։ Նա, եթե պետք լինի, կարող է հիմնավորել, որ զուգահեռ ուղիղները կարող են հատվել, կարող է սխալ հանել Պյութագորասի թեորեմը ուղղանկյուն եռանկյան մասին, կարող է համոզել, որ հնարավոր է նույն գետը երկու անգամ մտնել, ավելին՝ երկու դեպքում էլ ջրից չոր դուրս գալ։ Դավիթ Հարությունյանը կարող է դեմ գնալ անգամ գրավիտացիոն ուժերին, քաղաքագիտական մտքին, նա կարող է սպիտակ մածունը շատ «համոզիչ» կերպով սեւ ներկայացնել, տոտալիտարիզմը դեմոկրատիայի անվան տակ առաջ բրթել։ Կարեւորը՝ լինի հստակ հանձնարարական վերեւից, եւ նա անպայման կգտնի իր համար հենման կետ՝ «աշխարհը 180 աստիճանով շուռ տալու»։ Այս առումով Դավիթ Հարությունյանը շատ վտանգավոր նախարար է, պետք է զգուշանալ նրանից ու նրա «պրոֆեսիոնալիզմից»։
Նրա այս պատասխանները նույն տրամաբանության մեջ են՝ Սերժ Սարգսյանը պետք է ունենա երկու նստավայր, ու դա Դավիթ Հարությունյանը հիմնավորում է կառավարման արդյունավետությամբ։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը երկու տարի է՝ լծվել է պետական հիմնարկներն օպտիմալացնելու գործընթացին․ շենքեր է միավորում, կառույցներ կրճատում, որ ավելորդ փող չծախսեն։ Իսկ իրենք հիմա երկու կառավարություն են պահում ու մի նոր նախագահական կառուցում՝ իր բոլոր պահպանման ծախսերով։ Եվ սա, պարզվում է, արդյունավետ է։ «Գիտե՞ք, օպտիմալացումը չի կարող լինել ինքնանպատակ, օպտիմալացումը նպատակ է, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել։ Հանուն օպտիմալացման՝ պետք չէ մարդուն, որ ունի երկու ձեռք, թողնել մի ձեռքով, որովհետեւ մի ձեռքով կարելի է ավելի շատ գործ անել»,-հանճարեղ համեմատական արեց հիմնավորումների կնքահայրը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում