Հարցազրույց տնտեսագետ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ
–Օրերս հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը: Ի՞նչ ուղղություններով պետք է ընթանա երկիրը՝ հիշյալ փաստաթղթում նախանշված նպատակներին հասնելու համար:
-Նախ լավ կլիներ, որ նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկմանը հաջորդեր հիշյալ փաստաթղթի հրապարակումը, եւ լավ կլիներ, եթե փաստաթղթի հեղինակներն այն դնեին հանրային քննարկման: Այլապես մասնագետներիս համար դժվար է խորքային մեկնաբանություն կատարելը, քանի որ մանրամասները հայտնի չեն, մինչդեռ, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է թաքնված»:
Այս կառավարությունը խոստացել էր մշակել նման ռազմավարական մի փաստաթուղթ, եւ հատուկ այդ նպատակով ստեղծվեց ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, փորձագիտական խումբ, հիմնադրամ։ Բնականաբար այս փաստաթղթի վրա աշխատել են նաեւ համապատասխան նախարարություններն ու համադրել իրենց մոտեցումները, տեսլականը:
Նախագծում նախատեսվում էր, բացի միջնաժամկետ հնգամյա ծրագրից, մինչեւ 2030-ը ներկայացնել տնտեսական զարգացման ռազմավարություն:
Հիշեցնեմ, որ տնտեսության 5 տոկոս միջին աճի գաղափարը հնչել է դեռեւս անցած տարվա մայիսին Ազգային ժողովում, համաձայն որի՝ մեր տնտեսության հիմնական խնդիրները, որ գոյություն ունեն ռազմական, քաղաքական, սոցիալական ոլորտներում, կլուծվեն, եթե առնվազն միջին հաշվով տնտեսական աճ ապահովվի: Կարելի է ասել, որ մինչեւ 2030-ը նման խնդիր դնելը ճիշտ ուղղվածություն է:
Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, առաջին հերթին պետք է շարունակել ինստիտուցիոնալ բարեփոխումների այն քաղաքականությունը, որը նախաձեռնել է այս կառավարությունը։ Ստեղծվել է բավական կայուն բազա, կայունացել է ֆինանսական համակարգը, ներդրումային ոլորտը, որոշակի վստահություն է ձեւավորվել, այսինքն՝ կան նախադրյալներ:
Վիճակագրական պատկերն այնպիսին է, որ կարելի է դնել երկարաժամկետ ռազմավարական խնդիրներ: Իսկ դա նշանակում է, որ պետությունը, որպես ներդրող, պետք է այնպիսի ոլորտներում ավելացնի ներդրումները, որոնք կնպաստեն մարդկային կապիտալի, տեխնոլոգիական հնարավորությունների զարգացմանը:
–Մարդկային կապիտալի զարգացման մասին խոսելով՝ նախագահն իր խոսքում առանձնացրեց երեք կարեւոր ոլորտ՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, որոնց հատկացվող գումարները պետք է զգալիորեն ավելացվեն:
-Բայց միայն գումարներ ավելացնելով՝ խնդիրը չի լուծվի, հատկապես հիշյալ ոլորտներում պետք են լուրջ բարեփոխումներ՝ կառուցվածքային, ֆունկցիոնալ: Գաղտնիք չէ, որ այդ համակարգերում կա մեծ կոռուպցիա, կատարվում են անարդյունավետ ծախսեր: Պետք է փորձել լուծել այդ խնդիրները, այլապես բյուջեից ավելացվող գումարները կորչելու են՝ ինչպես ջուրն ավազի մեջ:
Սա շատ կարեւոր խնդիր է, որովհետեւ պետք է այդ համակարգերն արդիականացվեն, տեխնոլոգիապես վերազինվեն, բարելավվի դպրոցների, բուհի, առողջապահական հիմնարկների մասնագիտական մակարդակը: Սա բարդ խնդիր է, քանի որ տասնամյակների ընթացքում այնպիսի հարցեր են կուտակվել, այնպիսի ցանցեր են գոյացել, կոռուպցիայի այնպիսի շղթաներ են ձեւավորվել, որ շատ ծանր է լինելու դրանք արագ լուծելը:
Մյուս թիրախը բնակչության վերարտադրության, ժողովրդագրական խնդիրների լուծումն է, առաջիկա 15-20 տարիներին բնակչության քանակն առնվազն 1 մլն-ով ավելացնելը: Իհարկե առաջին հերթին դա վերաբերում է բնակչության բնական աճի խթանմանը, դրա համար առողջապահական ոլորտում պետք է կատարվեն անհրաժեշտ ներդրումներ, ու ոլորտի ծառայությունների որակը պետք է բարելավվի:
Բայց նաեւ պետք է ասեմ, որ այս խնդրի լուծումը միայն բնակչության բնական աճի, այսինքն՝ ծնելիության աճի ու մահացության կրճատման հաշվին լուծելը շատ դժվար կամ ուղղակի անհնար կլինի: Դրա համար պետք է խրախուսվի ներգաղթը:
Գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցների զգալի հատվածը սոցիալական, տնտեսական պատճառներով արտագաղթել է տարբեր երկրներ, հիմնականում՝ Ռուսաստան: Սակայն դրսում շատ անհանգիստ իրավիճակ է, Ռուսաստանը գտնվում է տնտեսական պատժամիջոցների տակ, առաջիկայում չի երեւում իրավիճակի էական բարելավում: Հետեւաբար պետք է Հայաստանում ստեղծել աշխատանքի պայմաններ, այստեղ բարելավել ապրելակերպի պայմանները, որպեսզի մարդիկ վերադառնան: Դրա համար հարկավոր է կատարել քայլեր, որոնց մասին ասաց նախագահը:
Արմինե Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում