Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյանն ինքն էլ զարմացավ գումարի չափից, թե իր կլինիկան ինչքան պետք է վճարի «Արմեդ» ընկերությանը, որն սպասարկելու է էլեկտրոնային առողջապահության համակարգը. «Իրատես»

Ապրիլ 06,2018 10:49

էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը տարբեր խոսակցությունների և դժգոհությունների առիթ է տվել։ Բնակչությունն այս պահին չի պատկերացնում, թե ինչին է այն միտված, իսկ բժիշկները և բժշկական կենտրոնների ղեկավարները կարծում են, թե ամբողջ իրարանցումը ֆինանսների շուրջ է։ Կարևորելով այս բոլոր հարցերը` զրուցեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ հետ։

Որքան գիտեմ` յուրաքանչյուր բժշկական կենտրոն, կլինիկա, անգամ յուրաքանչյուր դեղատուն, յուրաքանչյուր ամիս լուրջ գումարներ պետք է վճարի, որքան տեղյակ եմ, «Արմեդ» ընկերությանը, որն սպասարկելու է էլեկտրոնային առողջապահության համակարգը։

-Ձեզ ընդհատեմ, որպեսզի մեր խոսակցությունն այդ հարցում վերացական չլինի: Դուք ինձ ասեք հստակ կլինիկայի անուն, թե քանի աշխատող ունի և քանի հիվանդ է սպասարկում, և ես Ձեզ հստակ կարող եմ ասել, թե որքան կկազմի այդ կլինիկայի վճարը։ Վստահեցնում եմ Ձեզ, որ վճարի չափը մեծ չէ։

-Որպեսզի այնպես չստացվի, որ առողջապահության նախարարը և լրագրողը նստած հաշվում են տարբեր կլինիկաների փողերը, եկեք խոսենք Ձեր` «Վարդանանց» կլինիկայից։ Յուրաքանչյուր ամիս ինչքա՞ն գումար պետք է փոխանցի այս կլինիկան «Արմեդին»։

-Յուրաքանչյուր ամիս` 300 հազար դրամ (մեր ներկայությամբ հեռախոսազանգով ճշտեց նախարարը և ինքն էլ զարմացավ գումարի չափից- Ժ. Վ.)։

-Տեսա՞ք, պարոն նախարար, որ գումարները փոքր չեն։

-Այո, մեծ փողեր են, բայց սերվեր գնելու համար միայն 5 մլն դոլարի վարկ է վերցրել «Արմեդը», որպեսզի էլեկտրոնային առողջապահության համակարգը գործի դրվի։ Համակարգի անխափան աշխատանքի համար ձևավորվել է 50-հոգանոց աշխատակազմ։ Ինչպես գիտեք, IT մասնագետներն աշխարհում ամենաբարձր վարձատրվողներն են. մեզանում նրանց աշխատավարձը չպետք է ցածր լինի 1,5 հազար դոլարից, որպեսզի ապահովվի բարձրորակ աշխատանք։ Եվ, ի վերջո, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար դեռևս 2010-ին կառավարությունը հայտարարել էր մրցույթ, և հաղթող էր ճանաչվել «Արմեդը»։

-Վճարը շատ լինի, թե քիչ, եթե Դուք, որպես նախարար, կարևորում եք էլեկտրոնային առողջապահությունը, հետևաբար, ներկայացնում եք պետության մտահոգությունը ժողովրդի առողջության պահպանման և ֆինանսներն ուղղորդելու հարցում։ Այդ դեպքում ինչու՞ այդ համակարգը սպասարկող ընկերությունը «Արմեդն» է, այսինքն` մասնավորը, և ոչ պետական ընկերությանն է վստահված այդ գործընթացը։ Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե այն իրականացներ պետությունը, ոչ թե մասնավորը։

-Ոչ, որովհետև պետությունը կոչված չէ նման ֆունկցիա իրականացնելու։ Այն երկրներում, որտեղ այդ համակարգը գործում է, այն իրականացնում է մասնավոր հատվածը։ Գուցե փորձեինք այդ գործառույթը տալ պետությանը, սակայն տարիների ընթացքում կպարզվեր, որ այդ փորձն անարդյունավետ է, և, կուտակելով կոռուպցիայի ռիսկերը, պետությունը կգար այն համոզմունքին, որ այդ գործընթացը պետք է փոխանցվի մասնավորին` վերահսկելով նրա գործունեությունը։ Եվ, ի վերջո, IT տեխնոլոգիաները գնալով զարգանում են մասնավոր ընկերություններում, պետությունը չի կարող ստեղծել նման զարգացած ընկերություն։

-Լավ, այդ դեպքում հստակեցնենք` «Արմեդին» փոխանցված գումարները ի՞նչ նպատակի են ծառայելու, ու՞ր են ուղղորդվելու։

-Այ, Դուք, որպես լրագրող, կարող եք անցկացնել Ձեր ուսումնասիրությունը, հետաքննությունը` պարզելու, թե հետագայում այդ կուտակված միջոցներն ինչի վրա են ծախսվում։ Այդպիսով Դուք կնպաստեք էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացմանը։ Իմ գործառույթի մեջ չի մտնում հաշվարկել և հասկանալ, թե ուր է ուղղորդելու այդ գումարները կոմերցիոն կազմակերպությունը։ Դրա համար կան վերահսկող կառույցներ։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30