Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրս ասում էր՝ դիմացանք պատերազմի արհավիրքներին, չդիմացանք խաղաղության գայթակղությանը»

Ապրիլ 06,2018 16:00

Ըստ Արամ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ մեր երկրում, դա ՊՊԾ գնդի գրավումն էր, մեկ էլ 10 հազար դրամ ընտրակաշառքով քվե ստանալը:

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելու համար Եռաբլուրում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Ապրիլյան պատերազմը մեզ բացառիկ հնարավորություն տվեց սխալները շտկելու: Թե ինչքանով է հաջողվել այս երկու տարվա ընթացքում շտկել դրանք, կամ կարողացե՞լ ենք քառօրյա պատերազմի ժամանակ բացահայտված խնդիրները լուծել, չարաշահողներին պատժել՝ այս ամենի մասին զրուցեցինք Արամ Սարգսյանի հետ:

«Միանշանակ, դաս չենք քաղել, ու, ցավոք սրտի, չի քաղել ոչ միայն իշխանությունը, չքաղեց նաեւ հասարակությունը,- ասաց Արամ Սարգսյանը:- Ապրիլյան պատերազմից հետո ինչ տեղի ունեցավ մեր երկրում, դա ՊՊԾ գնդի գրավումն էր, մեկ էլ 10 հազար դրամ ընտրակաշառքով քվե ստանալը: Դրա սադրողն, իհարկե, իշխանությունն էր, որն իր ժողովրդին 10 հազար դրամ գնահատեց, բայց նաեւ ժողովուրդն այդ 10 հազար դրամը վերցրեց: Սա այն հետեւությունն էր, ինչը չէր կարելի որեւէ պարագայում անել ապրիլյան դեպքերից հետո: Բայց ապրիլյան դեպքերը մի բան մեր հանրային ընկալման մեջ դրական առումով մտցրեցին: Դա այն էր, որ մեր անվտանգության միակ երաշխավորը մենք ենք: Ոչ մի «Իսկանդեր», ոչ մի ռուսական զորք, ոչ մի Պուտին… Ցավոք սրտի, ՌԴ-ի շահերն այսօր շատ ավելի համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, քան մեզ հետ: Մենք սրա հետ պատերազմով առերեսվեցինք, այդ գինը 100 մարդու կյանք արժեցավ, բայց մեր հանրությունը դա հասկացավ, կարծում եմ»:

Մեր դիտարկմանը, որ ռուսամետ հատվածն էլ պնդում է հակառակը, որ ՌԴ-ին բացարձակ ձեռնտու չէին ապրիլյան պատերազմը, շփման գծում սրացումները, եւ որպես փաստարկ բերում են այն, որ միայն իրենց միջնորդությամբ կրակը դադարեցվեց, նրանք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ անկեղծ ռազմավարական դաշնակից են մեզ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Նույն ռուսամետ հատվածն էլ ընդունում է, որ ապրիլին մեր 100 զոհը զոհվել է ռուսական զենքով, ընդ որում՝ ամենաառաջադեմ ու հարձակողական զենքով: Իրենք էլ դատապարտում են ՌԴ-ին այդ քանակությամբ Ադրբեջանին զենք վաճառելը: Ինչ վերաբերում է դադարեցման առումով ՌԴ-ի գործունեությանը, դա 3 օր հետո էր, այնպես, ինչպես Սումգայիթում էր, կարող եմ հետ գնալ՝ այնպես, ինչպես Ղարսը գրավելուց էր, 15 թվին ու այսպես շարունակ: Իրենք միշտ ուշանում են, բայց իրենք միշտ կանգնում են հաղթողի կողքին: Մեր այս հերոս տղաները որ չլինեին, իրենք մեր կողքին չէին կանգնի: Տեսան, որ մե՛նք ենք ուժեղը, մե՛նք ենք հաղթում, չուզեցին պարտվողի կողքին կանգնել, դա հին ռուսական սովորություն է»:

Ապրիլյան պատերազմից հետո հանրությունը պատասխանատվություն էր պահանջում չարաշահումների համար, երկու տարի անցավ, ու որեւէ պատասխանատվություն չեղավ, եթե չհաշվենք պաշտոնանկությունը՝ որպես պատժի տեսակ: Բավարա՞ր էին արդյոք այդ քայլերը: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ, չի բավարարում: Եթե խոսքը վերաբերում է բանակային կոռուպցիային, դա բացարձակ այլ հարթություն է, ու այստեղ շատ ավելի լուրջ պայքար է պետք տանել, քան քաղաքացիական կյանքում, որովհետեւ ոլորտն է այդպիսին: Ինձ համար շատ ավելի կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, որ ասում են՝ ազգ-բանակ-պետություն, կարեւորում եմ դրան միս ու արյուն տալը, ոչ թե այդ գաղափարը փչացնելը: Այս իշխանություններն իրենց վարած ընտրությամբ, ԱԺ-ում իրենց պոռոտախոսությամբ, ՌԴ-ի հանդեպ այդ ստրկամիտ, ստրկական վերաբերմունքով, իրենց վերարտադրությամբ լրիվ հակառակն են ապացուցում, ու այստեղ պատժել-չպատժելը դառնում է երրորդ, չորրորդական, հինգերորդական բան: Հավատացնում եմ ձեզ, որ որեւէ մեկին պատժելուց հետո այդ պատժվածը հերոս է դառնում, ասում են՝ այս իշխանությունների զոհն է, որովհետեւ այս իշխանությունն ինչ անում է, ժողովուրդն ասում է՝ վատ է»:

Հայկազ Բաղմանյանը, որի հետ կապված պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ չի կատարել աշխատանքային մի շարք պայմանավորվածությունները, թերացել է աշխատանքում, ու հեռացրեց, հետո տեսանք, որ պաշտոնազրկումից հետո նրան տարան ՀԱՊԿ՝ նշանակելով ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, սա պատիժ կարո՞ղ ենք համարել՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Արցախյան ազատամարտի տարիներին մարդիկ կան, որոնց հերոսականությունն անհամեմատելի է այն մարդկանց գործունեության հետ, ում այս ժողովուրդն այսօր հերոս է համարում, այսինքն՝ այդտեղ սարեր-ձորերի տարբերություն է: Դժբախտաբար, այդ մարդկանց հիմնական մասը չդիմացավ խաղաղության գայթակղությանը, տրվեց փող աշխատելուն, տրվեց սեփականություն կուտակելուն, սեփական կարիերան անելուն, ու այս առումով մենք գործ ունենք երկու տեսակ Հայկազ Բաղմանյանի հետ՝ այն, որ իսկապես հերոս է, պատերազմում լուրջ ներդրում ու լումա է ունեցել, որը ճակատային շատ մեծ հատված է պահել ու պաշտպանել, եւ մյուս Հայկազ Բաղմանյանի հետ, որին այսօր ընկալում ու գնահատում է մեր ժողովուրդը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով: Ցավոք, հակասությունների ու հակադրությունների ժողովուրդ ենք: Եղբայրս էլ էր ասում դա իր ելույթներից մեկում, ասում էր՝ դիմացանք պատերազմի արհավիրքներին, չդիմացանք խաղաղության գայթակղությանը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում` Արամ Սարգսյանը Եռաբլուրում՝ իր աղջիկների հետ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30