Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական երկաթուղի տանող թունելը կեղտոտ է, վախեցնող ու մութ

Ապրիլ 06,2018 15:30

Թունելը ծայրից ծայր աղբով լեցուն է

Երեւանի Մանկական երկաթուղի տանող թունելում մանուկներին հիշեցնող ոչինչ չկա: 81 տարի առաջ կառուցված այս թունելը, որը տանում է դեպի Երեւանի հանգստյան գոտիներից մեկը, նախկինում եղել է շատ լուսավոր ու մաքուր: Այս մասին վկայում են մեծահասակները, որոնք իրենց երեխաներին Մանկական երկաթուղի տանելու համար օգտվել են թունելի ծառայությունից: Սակայն այսօր 400 մետր երկարությամբ թունելում միանգամայն այլ վիճակ է. տպավորություն է, որ դրա շահագործմամբ որեւէ կառույց չի զբաղվում: Թունելը ծայրից ծայր աղտոտված է, աղոտ լուսավորված, տեղ-տեղ էլ խավար է, պատերը խոնավ են ու կեղտոտ` պատկերված սարսափազդու նկարներով, հայհոյանքներ պարունակող մակագրություններով, թունելը նաեւ զուգարան է ծառայում:
Կարճ ասած` մանուկների «աշխարհ» տանող ճանապարհը դժվար է, տհաճ ու վախեցնող:
Իսկ որ ամենավտանգավորն է` թունելի երեսպատման երկաթե շերտերը գրունտի ճնշման տակ թեքվել են, տեղ-տեղ էլ անգամ կոտրվել: Թունելի պատերի մի շարք հատվածներ արդեն իսկ ճեղքվել են, եւ դրանցից գոյացած փոսերը աղբանոցի դեր են կատարում:


Դեռեւս 2011 թվականին Երեւանի քաղաքային իշխանությունները վստահեցրել էին, որ որոշակի քայլեր կձեռնարկեն թունելը բարեկարգելու համար: Սակայն այս ողջ ընթացքում միայն 2014 թվականի մարտ ամսին է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ թունելի եւ այգու հարակից տարածքը զինվել տեսախցիկներով:
Թե սեյսմակայունության տեսանկյունից որքանով է անվտանգ մանկական երկաթուղի տանող եւ Երեւանը Հրազդանի կիրճին միացնող այս միակ թունելը, «Առավոտը» փորձեց պարզել Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայությունից:


Մեր հարցին ի պատասխան՝ ծառայության մասնագետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ ուսումնասիրություններ չեն կատարվել. «Դեռ ուսումնասիրություններ չենք կատարել, քանի որ չունենք նման առաջադրանք: Մի քանի անգամ անցել եմ թունելի կողքով, եւ, այո՛, այն իսկապես բարվոք վիճակում չի գտնվում»:


Հիշեցնենք, որ թունելը կարգի բերելու համար տարիներ առաջ՝ 2010 թվականին, ստորագրահավաք էր սկսվել, եւ սոցիալական ցանցերում խմբեր էին ստեղծվել: Այդպիսով հարցը վեր հանվեց, եւ հավաքվեց մոտ 5000 ստորագրություն, ու այդպես էլ մնաց թղթի վրա: Թունելն առ այսօր նույն անբարեկարգ վիճակում է:

ԱՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30