Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի հետեւորդները

Ապրիլ 06,2018 15:00

Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության
հեղինակները հեռու են ռազմահայրենասիրությունից

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մշակած եւ հանրային քննարկման ներկայացված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել: Եղան մարդիկ, որ նախագծում ֆաշիզմի քարոզի կոչեր եւ ակնարկներ տեսան: Ես այլ բան եմ տեսել: Նախագծի 13-րդ գլխի՝ «Ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացումը», երրորդ կետում թվարկված են Հայաստանի առջեւ ծառացած ներքին մարտահրավերները, եւ «Դ» ենթակետում նշված է՝ «անկարագապահությունն ու անդաստիարակությունը»: Այո՝ հենց ԱՆԿԱՐԱԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ոչ թե ԱՆԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ:
Ուրեմն անկարգապահությունը մարտահրավեր որակող պետական կառույցում այնքան անկարգապահ են, որ նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո այն չեն կարդում, սրբագրում, չեն առաջնորդվում Հայաստանի պետական լեզվի՝ հայերենի օրենքներով ու կանոններով:

Եթե բոլոր ժամանակներում հանրապետականների բոլոր սխալներն արդարացնող Գալուստ Սահակյանի պնդումը, թե գաղտնի բառը թաքուն բառ չէ, ծիծաղից բացի՝ այլ արդյունք չի ունենում, ապա մեր՝ «անկարագապահությունը անկարգապահությունը չէ» պնդումը պիտի ահազանգ լինի «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագծի հեղինակների համար: Գրեթե 30 տարեկան երրորդ հանրապետությունը պետք է շա՛տ վաղուց հրաժարված լիներ ռուսական «Чуть-чуть не считается»՝ «Փոքր-ինչը հաշվի չի առնվում» սխալ աշխատաոճից ու կարեւորեր պետական մակարդակով ներկայացվող նախագծերում տառասխալների բացակայությունը:

Ի ցավ մեր պետության, սա հայերենի արհամարհմամբ գրված միակ նախագիծը չէ: Անկարագապահություն չեղած բառն էլ այս «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագծի միակ սխալը չէ:
Նախագծում ներքին մարտահրավեր է որակված նաեւ «դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը եւ համապատասխան վարքագծի դրսեւորումը)»: Վարքը մարդու ներսից է գալիս, վարքը մարդու մեջ է, մարդու մոտ չէ: Մարդու մոտ կարող են լինել կեղծված ընտրությունների արդյունքում ձեռք գցած մանդատը կամ հարկեր չվճարելու արդյունքում դիզած միլիարդների մի մասով գնված մեքենան:

Եվ այսպես՝ արդեն 23 տարի. Հանրապետականը քարոզում է մի բան, որ ինքը չի անում. սկսած հայերենը անտեսելուց: Այսպես ռազմահայրենասիրություն չեն դաստիարակում:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30