Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը մազի մեջ «հայտնաբերել» էր թմրամիջոց

Ապրիլ 06,2018 14:30

Իսկ նարկոլոգը չէր բացառել շրջապատի «փոշին»՝
«փակ տարածության մեջ գտնվելու հետեւանքով»

Արագածոտնի մարզի բնակիչը դիմել էր դատարան՝ ոստիկանության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերջին մեկ ամսում բավական աճել է ՀՀ քաղաքացիների դիմումների թիվը վարչական դատարանում: Սովորաբար, վարչական դատավարությանը քչերն են ծանոթ, եւ լուսաբանման առումով գործընկերներս կարծում են, թե «համ» չկա նման գործերում:

Մինչդեռ, քաղաքացիների հաղթանակներն ամենամեծ աղն են մոռացված դատարանի պատերի ներսում:

Վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանի նշանակած նիստերին պատշաճ ծանուցված լինելով՝ ոստիկանությունը այդպես էլ չներկայացավ դատարան, ուստի դատարանի որոշմամբ ոստիկանությունից պահանջվեց ներկայացնել վիճարկվող որոշումը, վարչական վարույթի բոլոր նյութերը:

Ա.Հ.-ն տուգանվել է 100.000 ՀՀ դրամի չափով` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.2-րդ հոդվածի հատկանիշներով: Այսինքն՝ հոգեմետ նյութերի օգտագործման համար: Մինչդեռ, Ա.Հ.-ն հայտնել էր, որ այդ որոշումը հիմնավոր չէ, երբեւէ չի օգտագործել թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր, երբեւէ ձեռք չի բերել որեւէ թմրամիջոց: Քաղաքացին հիմնազուրկ էր համարել ոստիկանության 29.08.2016 թվականի թիվ 42 որոշումը:

Ոստիկանությունը, դառնալով հեռակա դատավարական կողմ, ուղարկել էր իր պատասխանը:

Իքս-քրեական գործով դադարեցվել էր քրեական հետապնդումը Ա.Հ.-ի նկատմամբ, արարքում հանցակազմի բացակայության հիմքով, սակայն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Դավթյանի գրությամբ միջնորդություն է ներկայացվել` առանց բժշկի նշանակման քաղաքացու կողմից թմրամիջոց գործածելու փաստով նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Քրեական գործի նյութերում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տոքսիկոքիմիական եզրակացությունն էր դրված, համաձայն որի՝ Ա. Հ.-ի «մազի փորձանմուշի մեջ հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցի թմրալկալոիդների հետքեր»:

Ոստիկանության կազմած արձանագրության տակ Ա. Հ.-ն հրաժարվել էր ստորագրել, քանի որ համաձայն չէր եղել եզրակացության հետ, փորձել էր ապացուցել, որ երբբեւէ թմրամիջոց չի օգտագործել:

Այդուհանդերձ, կազմվել էր վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 42 որոշումը, որով ոստիկանությունը իրենց ձեռքն ընկած քաղաքացուն տուգանել էր 100.000 ՀՀ դրամի չափով:

Ի դեպ, նույն եզրակացության համաձայն, արյան փորձանմուշի մեջ հայտնաբերվել է էթիլ սպիրտ 0,64գ/լ, որը համապատասխանում է թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակին, իսկ նույն արյան փորձանմուշի մեջ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել:

ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 651 գրությունն իսկական փրկություն դարձավ հայցվորի, դատարանի համար:
Կենտրոնի գրությամբ նշվել էր. «Մարդու մազի փորձանմուշի մեջ կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցի թմրալկալոիդների հետքերի առկայությունը վկայում է, որ տվյալ անձն օգտագործել է կանեփ բույսի հումքից պատրաստված թմրամիջոց»: Ինչպես նաեւ արձանագրել. «Համաձայն գրականության տվյալների` անձի բիոմիջավայրում կարող են հայտնաբերվել կանաբինոիդների խմբի թմրամիջոցի թմրալկալոիդները, եթե անձը գտնվել է փակ տարածության մեջ երկարատեւ` այլ անձանց կողմից այդ թմրամիջոցն օգտագործողների հետ միասին»:

Վարչական դատարանում քաղաքացին հաղթել է: Ըստ դատավոր Գ. Սոսյանի. «Վարչական իրավախախտումը պարզելու պարտականությունը դրված է դրա վերաբերյալ գործը քննող մարմնի վրա, որը պարտավոր է գործի հանգամանքները պարզել ժամանակին, համակողմանիորեն, լրիվ եւ օբյեկտիվորեն` տվյալ գործը լուծելով օրենսդրությանը ճիշտ համապատասխան:

Իսկ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է հաստատված համարվի, որ այն ընդունվել է օրենքի խախտմամբ, որը ներառում է նաեւ օրենքի սխալ կիրառման կամ մեկնաբանման դեպքերը»:

Դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, գտնում է, որ «դրանցով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Ա. Հ.-ն թույլ է տվել ոստիկանության 29.08.2016 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 42 որոշմամբ արձանագրված վարչական իրավախախտումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.2-րդ հոդվածով նախատեսված արարքը»:

Ըստ դատարանի, փորձագետի եզրակացությամբ չի հաստատվում այն փաստը, որ Ա. Հ.-ն գործածել է թմրամիջոց. «Նշված եզրակացությամբ հետեւություն է արվել միայն այն մասին, որ փորձաքննության համար տրամադրված Ա. Հ.-ի մազի փորձանմուշի մեջ հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոցի թմրալկալոիդների հետքեր, ինչը, սակայն, չի կարող միանշանակ դիտվել որպես թմրամիջոցի գործածման ապացույց»:

Դատարանի գնահատմամբ, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի» վկայակոչված տվյալների առկայության դեպքում առնվազն ողջամիտ կասկած է առաջացել Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու հանգամանքի վերաբերյալ, քանի որ վերջինիս մազի փորձանմուշի մեջ թմրամիջոցի թմրալկալոիդների հետքերի առկայությունը կարող էր պայմանավորված լինել ոչ թե նշված թմրամիջոցի օգտագործմամբ, այլ, ինչպես առողջապահության նախարարության կենտրոնն էր արձանագրել. «նման թմրամիջոց օգտագործած անձանց հետ փակ տարածության մեջ երկարատեւ գտնվելու հետեւանքով»:
Մինչդեռ, ոստիկանությունը հենվել է միայն «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» եզրակացության վրա, բավարար ապացույցներ ձեռք չի բերել, որպեսզի ապացուցվեր քաղաքացու մեղքը:

Տվյալ գործով ապացուցման բեռը կրել է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
Դատարանը հայտնել էր, որ ապացուցման բեռը, որոշման՝ չապացուցման բացասական հետեւանքները կրում է նշված վարչական ակտն ընդունած վարչական մարմինը, այսինքն՝ ոստիկանությունը:

Դատարանը բավարարել էր Ա. Հ.-ի հայցը, ինչն էլ բավարար է նշված որոշումն անվավեր ճանաչելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30