Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրվել են աշխարհի լավագույն նվագախմբերի հայազգի բարձրակարգ երաժիշտները»

Ապրիլ 06,2018 14:00

Հավաստիացնում է «Համահայկական
նվագախմբի» տնօրեն Ռուզաննա Սիրունյանը

«Համահայկական նվագախումբ» նախագիծ այս տարի էլ կիրականացվի: Նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ առաջին անգամ իրականացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2015թ., նախաձեռնելով «24/04» համաշխարհային նվագախումբը: 43 երկրից Հայաստան ժամանած 123 երաժշտից բաղկացած նվագախումբը մեկ համերգի ընթացքում ղեկավարեցին նաեւ Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին եւ Հովհաննես Չեքիջյանը: 2016թ. Սերգեյ Սմբատյանը հանդես եկավ մեկ այլ՝ «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան երգչախմբի եւ նվագախմբի ստեղծման նախաձեռնությամբ: Առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում նույն բեմում հանդես եկան անկախության սերնդի 1144 երաժիշտներ, իսկ 2017թ. 20 երկրի 71 հայ երաժիշտներից կազմված նվագախումբը մեկ համերգով ներկայացավ Ազգային օպերային թատրոնում: Երեկոն նվիրված էր հայոց ցեղասպանության նահատակներին: Դիրիժորական վահանակի մոտ կանգնեցին Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանն ու Կոնստանտին Օրբելյանը: Հիմա էլ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ապրիլ եւ մայիս ամիսներին կանցկացվեն մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Համահայկական նվագախումբը»:

«Առավոտը» զրուցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ եւ «Համահայկական նվագախմբի» տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ «Արցախ, իմ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» խորագրով նախագծին կմասնակցի ինչպես Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այնպես էլ մի շարք մշակութային օջախներ եւս: Հավելեց, որ ապրիլի 19-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ եւ ֆրանսահայ սոպրանո Ռուզան Մանթաշյանը հանդես կգան համերգային ծրագրով: Ինչ վերաբերում է «Համահայկական նվագախմբին», տնօրենը հայտնեց. «Նվագախմբում ընդգրկված է 21 երկրից 87 երաժիշտ: Մայիսի 9-ին եւ 14-ին «Համահայկական նվագախումբը» հայաստանյան եւ Արցախի երգչախմբերի հետ համատեղ հանդես կգա Ստեփանակերտում եւ Երեւանում: Համերգներին իրենց մասնակցությունը կունենան ինչպես դասական, այնպես էլ փոփ երաժշտության ճանաչված կատարողներ, այդ թվում՝ Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, Մհերը, Սոնա Ռուբենյանը, Արտակ Ստեփանյանը, Տիգրան Քաղվեջյանը, Դիանա Ադամյանը, Արթուր Գրիգորյանի ղեկավարած Երգի պետական թատրոնի մեներգիչները եւ այլն: Համերգին մասնակցելու նպատակով միավորել ենք Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լավագույն երգչախմբերին ու անսամբլներին՝ Հայաստանի ազգային ակադեմիական, «Հովեր» պետական կամերային, Երեւանի եւ Հայաստանի պետական կամերային, Արցախի պետական կամերային երգչախմբերը եւ այլն, տարբեր երգչախմբեր Սփյուռքից, ինչպես նաեւ Արցախի պետական ջազ նվագախումբը, «Ղարաբաղ» պետական էստրադային անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, բոլորին չես թվարկի»: Հետո էլ հավելեց. «Ինչ վերաբերում է «Համահայկական նվագախմբին», ապա այստեղ ընտրվել են իսկապես աշխարհի լավագույն եւ առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ:

Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ Մոսկվայի Չայկովսկու անվան, Նյուրնբերգի, Պորտուգալիայի, Տոկիոյի, Տորոնտոյի, Լիբանանի, Դամասկոսի, Օվիեդոյի սիմֆոնիկ նվագախմբեր, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբ, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկ, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ եւ երգչախումբ, Գյումրիի սիմֆոնիկ, Արցախի կամերային նվագախումբ, Ռուսաստանի ակադեմիական սիմֆոնիկ եւ այլն: Համազգայինը կղեկավարեն Էդուարդ Թոփչյանը, Վահան Մարտիրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Սերգեյ Սմբատյանը եւ Գեւորգ Մուրադյանը: Նշեմ նաեւ, որ հատուկ այս նախագծի համար նախարարության պատվերով գրվել են նոր ստեղծագործություններ՝ Տիգրան Մանսուրյան՝ «Վերածննդից-հաղթանակ» եւ Ռոբերտ Ամիրխանյան՝ «Ազգի համբույրն է հերոսի դեմքին»: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Դեն Յեսսիանի, Չուխաջյանի, Արմեն Սմբատյանի, Ավետիս Բերբերյանի, Հեքիմյանի, Արթուր Գրիգորյանի եւ Կոնստանտին Օրբելյանի երկերից»:

Հետաքրքրվեցինք՝ նախ՝ ինչո՞ւ ընդգրկված չեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ այս նախագիծը կունենա՞ արդյոք շարունակություն: «Նախագծի նպատակներից մեկը արտերկրում ու ընդհանրապես ողջ աշխարհով բացառապես հայ ստեղծագործողների երաժշտություն տարածելն է: Վաղ է ասելը, բայց կարծում եմ՝ նախնական պայմանավորվածությունը՝ 2018թ. Լոս Անջելեսում համերգ ունենալ, իրականություն կդառնա: Ինչ խոսք, «Համահայկական նվագախմբի» հետագա ծրագրերում կընդգրկվեն մեր երիտասարդ կոմպոզիտորների երկերից նույնպես»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30