«Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա ծրագրի շրջանակում մի շարք երիտասարդներ մեկնում են տարբեր մարզեր, որտեղ ուսուցիչների պակաս կա եւ, հրաժարվելով քաղաքի հեշտ կյանքից, նախընտրում են 2 տարի շարունակ կրթել սահմանապահ գյուղերում սովորող աշակերտներին: Այդ երիտասարդների թվում է Մարիամ Մարիկյանը: Նա հիմա դասավանդում է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցում: Եկեղեցու պատմության ուսուցչուհի է, բայց իր հանդեպ աշակերտների սերն ու հարգանքը դարձրել են իրեն նաեւ ավարտական դասարանի դասղեկ:
Ծրագրի արդյունավետության, կրթական մակարդակի տարբերությունների, դժվարությունների, բայց դրա հետ մեկտեղ սիրելի ու հարազատ դարձած աշխատանքի նրբությունների մասին զրուցել ենք մեր հերոսուհու հետ:
-Մարիամ, ինչպես կայացրեցիր ծրագրին մասնակցելու որոշումդ:
– Երկրում տիրող վիճակից չբողոքելն ինձ ստիպեց միանալ այն թիմին, որի հետ իմ գաղափարներն ու նպատակները համընկնում են, ինչ-որ տեղ՝ հատվում։ Հասկանում էի, որ այն, ինչ ունենք, մեր բոլորի մեղքով է, որ շատերը խոսում են, բայց չեն պայքարում, քայլեր չեն ձեռնարկում։ Երկու տարի ինչ-ինչ խնդիրներով հետաձգվում էր ծրագրին դիմելը, բայց ուշ ու ոչ ուշացած դիմեցի ծրագրին։ «Դասավանդի՛ր, Հայաստանը» այն կառույցներից, նախաձեռնություններից է, որը «ստիպում» է անընդհատ վազել, կատարելագործվել, երազել, նպատակներ դնել ու հասնել, իհարկե՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով։ Իսկ ի՞նչ է մեզ պետք հետ քայլ չանելու համար. իհարկե, մի՛շտ եւ ամեն պարագայում առաջ գնալ։
-Մի առիթով քո խոսքում նշել ես, որ բժշկի, փաստաբանի եւ ուսուցչի մասնագիտությամբ երբեք չես զբաղվի: Ի՞նչը բեկումնային դարձավ քեզ համար, որ հիմա երբեք չես ասի երբեք:
– Շա՜տ հաճախ եմ նշել, որ ուսուցիչը բժշկի նման կյանքեր է փոխում՝ եւ դեպի լավը, եւ դեպի վատը։ Ինձ համար բեկումնային դարձավ 10-րդ դասարանում դասղեկիս՝ Մարո Խաչատրյանի հետ ծանոթանալը (ես 9 տարի սովորել եմ Գյուլագարակի միջնակարգ դպրոցում, բայց բազում կեղծիքները, տնօրենի եւ շատ ուսուցիչների ոչ ճիշտ վերաբերմունքը դրդեցին ինձ բողոքել, քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ ԿԳՆ, որի միջնորդությամբ էլ վերջին, ավարտական դասարանական տարին հաճախեցի Վանաձորի Վահան Տերյանի անվան N 5 ավագ դպրոց, որտեղ էլ հանդիպեցի իմ ոգեշնչման ուսուցչին): Ես երբեք նոր դասարանում ինձ չեմ զգացել օտար, «նոր աշակերտ»…Ու դա՝ դասղեկիս շնորհիվ։ Ու օր օրի գիտակցում էի, որ շատ լավ ուսուցիչը ամեն բան կարող է անել. նա կարող է «ստիպել» սիրել մարդկանց, կյանքը, երեւույթները, անգամ դժվարություններն ու վայրէջքները։ Ու որոշումս վերջնական դարձավ, երբ շատ բալիկների հենց Հայաստանում անուս էի տեսնում։ Հասկանո՞ւմ եք, մեծանում էր հայ, որն իր անունը գրել չգիտեր, ում շա՜տ հանգիստ կարող էինք խաբել ու… Իսկ արդյո՞ք երեխաները մեղավոր են դրանում։ Բոլորս ենք պատասխանատու մեր այսօրվա ու վաղվա սերնդի համար։ Երեխաներին պիտի շատ սիրել ու կրթել՝ ոչ միայն հանրակրթական դպրոցում, այլ նաեւ՝ կյանքի։ Ի դեպ, եթե ծնողներիս «դուխը» չլիներ, գործումս հաստատ ինչ-որ բան կպակասեր։ Նրանք սովորեցրել են չվախենալ։
-Մի շարք նպատակներ երկրորդել ես՝ առաջնայնությունը տալով դասավանդելուն: Այս ծրագրին ներգրավվածությունդ ի՞նչ փոխեց կամ ստիպեց վերաիմաստավորել քո մեջ:
– Չեմ փոխվել, նույն Մարիամն եմ, ավելի եմ կոփվել, ինքնակրթման ճանապարհս ավելի հստակ եմ տեսնում, ինձ 10 տարի հետո ավելի լավ եմ պատկերացնում…Նպատակները դեռ սպասում են, մի օր հաստատ կիրագործեմ։
-Ծնունդով Լոռու մարզի Գյուլագարակ գյուղից ես: Գյուղական դպրոցի թերություններին ու առավելություններին քաջատեղյակ լինելդ որքանո՞վ նպաստեց նոր միջավայրի ինտեգրմանն ու փոփոխություններին:
– Գյուղը սիրում եմ՝ իր ամեն ինչով. կենդանիներով, հողագործությամբ, մարդկանց, հին փայտե ու քարե տներով, արեւից սեւացած մարդկանց ու անգամ նրանց վատատես կարծիքներն եմ սիրում։ Քաղաքում ապրելով՝ երբեք չեմ դադարել գյուղացի լինել։ Ես ոտք եմ դրել Ներքին Կարմիրաղբյուր ու հյուր չեմ զգացել, այլ՝ այնտեղի լիարժեք բնակիչ։ Միակ տարբերությունն իմ գյուղից այն էր, որ սահմանապահ համայնք էր ու ամեն օր կյանքի կռիվ է այստեղ գնում, խաղաղ պայքար, ապրելու պայքար, ստեղծելու ու շատանալու պայքար…
-Հաճախ կարելի է նկատել, որ ֆեյսբուքյան էջումդ կիսվում ես օրվա տպավորություններիդ, աշակերտներիդ մասին…
– Աշակերտներս ահավոր հետաքրքրասեր են։ Նրանց ամեն հարցից, դիտարկումից, բանավեճից ես ավելի եմ ոգեշնչվում ու ոգեւորվում, ձգտում ավելին սովորել, որ երբեք ոչ մի հարց անպատասխան չթողնեմ (ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ նրանց հոբբիներին վերաբերող)։ Օրինակ, արդեն գիտեմ ռեփ կարդալ, մի թեթեւ բասկետբոլ խաղալ (դեռ շա՜տ պիտի աշխատեմ), ֆուտբոլիստների կյանքի պատմությունները, ֆիզիկայի ու հայոց եկեղեցու կապը… Մի խոսքով, ամեն ինչից փորձում եմ սովորել։ Ոգեշնչման ամենամեծ աղբյուրս իրենք են՝ վառվռուն, չարաճճի ու խելացի աչուկներով հզոր սերնդի ներկայացուցիչները։ Դեռ կլսենք նրանց մասին։
– Ըստ քեզ ո՞րն է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի արդյունավետության գաղտնիքը:
-Շատ երկար կարելի է խոսել այս հարցի շուրջ, բայց կարճ ու կոնկրետ` թիմը, նրա գաղափարը, նպատակը, ի վերջո, «ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում» (ժպտում է-Շ.Ս):
– Քո կարծիքով՝ որո՞նք են ուսուցչի կարեւորագույն հատկանիշները:
– Ամենակարեւոր նախապայմանը գործիդ հանդեպ սերն է, սերը առ հայրենիքը եւ առ մարդիկ, մասնավորապես աշակերտներիդ հանդեպ սերը, որոնց ձեռքերում վաղը քո կյանքն է լինելու։
ՇՈՒՇԱՆ ՍԱՀԱԿՅԱՆՑ
Լուսանկարը՝ Մարիամ Մարիկյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ»
05.04.2018