Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ապրիլ 06,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասներկուերորդ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ Ռևազից խոսում ենք, Փելեշը նեղսրտում ա», եւ Փելեշյանն ասաց՝ «ինչից էլ խոսես, իմ համար հետաքրքիր ա, Հրանտ ջան»,  եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պիտի խոսենք, որ քուններս չտանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եկեք Տիգրանի երաժշտությունից խոսենք», եւ Տիգրանը ժպտալով Հրանտին ասաց՝ «ես երկու ձեռքով համաձայն եմ», եւ Հրանտը ժպտալով Տիգրանին ասաց՝ «որովհետեւ դու երկու ձեռքով կարողանում ես դաշնամուր նվագել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես քանի անգամ փորձել եմ՝ չի ստացվում», եւ Փելեշյանը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «մենակ մնացել էր դաշնամուր էլ նվագեիր», եւ Հրանտն ասաց՝ «միշտ զարմացել եմ՝ ոնց են երկու ձեռքով դաշնամուր նվագում» եւ մի քիչ մտածեց ու Տիգրանին ասաց՝ «եթե չես նեղանալու, քո կինոերաժշտությունից չենք խոսի» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով ավելացրեց՝ «Աղասին գնաց. էկեք Աղասուց բամբասենք», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «քեզնից բամբասող դուրս չի գա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու ճակատին ասող մարդ ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝  «աչքիդ ա էրեւում», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց  ու Հրանտին ասաց՝ «դու մենակ խեղճ Մալյանին կարող ա բամբասես» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «Մալյանին էլ կարգին չես բամբասում. մեկ քննադատում ես, մեկ երկինք ես հանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քննադատում եմ, որովհետեւ իրանց թիֆլիսեցիների խախուտ  սցենարներից հանճարեղ ֆիլմ ա դուրս բերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աղասու «Եռանկյունին» քեզ օրինակ», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «մեկ էլ տեսար՝ նույն էդ Մալյանին երկինք կհանես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկինք եմ հանում, որովհետեւ կարողանում ա իրանց թիֆլիսեցիների խախուտ սցենարներից հանճարեղ ֆիլմ ստանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Աղասու «Եռանկյունին» քեզ օրինակ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, Աղասու թեման արդեն բացված ա», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «ի՞նչ թեմա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «բամբասանքի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բամբասանքի իմաստով Աղասին առանձնապես  հարմար թեմա չի», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «Աղասու հումակերությունը, որպես բամբասանքի թեմա, շատ էլ հարմար ա» եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հումակերությունը որ հանում ես, տակը բամբասանքի բան չի մնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տակը մնում ա մի շատ հետաքրքիր պատմվածքագիր», եւ Տիգրանն ասաց՝ «Աղասու Թիֆլիսյան շարքն ուղղակի հրաշալի է», եւ Ֆրունզիկը Տիգրանին հարցրեց՝ «կարող ա՞ «Եռանկյունին» հրաշալի չի», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «էդ «Եռանկյունին» ոչ թե Աղասին ա գրել, այլ՝ Հենրիկ Մալյանը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աղասին գրել ա, Մալյանն էլ նկարել ա», եւ Հրանտն ասաց՝ «Մալյանը համ գրել ա, համ էլ նկարել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խոսքը կոնկրետ «Եռանկյունու» մասին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Մալյանն Աղասու գրած սցենարից համարյա բան չի թողել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30