Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական մարզպետի «դասը» Գյումրի ժամանած արտերկրյա արվեստագետ հյուրերին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 05,2018 23:07

Այսօր Գյումրու պետական դրամատիկական թատրոնում պաշտոնապես բացվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որը 10-րդ անգամ է անցկացվում մշակութային այս քաղաքում։

Արվեստի մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է Հայաստանի 1-ին Հանրապետության 100-ամյակին ու Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին։ Փառատոնին մասնակցելու համար Գյումրի են ժամանել 3100 անհատ կատարողներ եւ համույթներ աշխարհի 37 երկրներից՝ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից և այլ վայրերից։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:

Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նստելու ոչ մի ազատ տեղ չկար, հանդիսատեսի շարքերում մեծ թվով արտերկացիներ կային։ Փառատոնը պաշտոնապես մեկնարկելիս՝ հատուկ շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին, հատկապես նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին․ նրա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին և եղբորը՝ Լևոն Սարգսյանին։

Փառատոնը անցկացվում է առաջին տիկնոջ հովանու ներքո, իսկ որպես կազմակերպիչներ հանդես են գալիս ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյան), Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան) և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

Իհարկե, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր ելույթում նրբորեն ակնարկեց, որ շարքային գյումրեցիները ևս մասնակցություն են ունեցել փառատոնի կազմակերպմանը, համայնքային բյուջեից ևս գումար է փոխանցվել։

Հիշեցնենք, որ այս թեման 4 տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրեցեց Գյումրիում․ գյումրեցիները դեմ էին, որ իրենց աղքատիկ բյուջեից 5 միլիոն դրամ փոխանցվեր փառատոնին, քանի որ, ըստ նրանց, փառատոնը տարբեր հովանավորներ ունի։

Ինչևէ, փառատոնին բավական հետաքրքիր ելույթ ունեցավ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը, նրա ելույթն ավելի շատ ուղղված էր արտերկրյա հյուրերին ու կարծես Հայոց պատմության դաս լիներ նրանց համար։ Արթուր Խաչատրյանը նախևառաջ բացատրեց, թե ինչ է խորհրդանշում վերածնունդը հայերիս համար։

«Մենք այս տարի նշում ենք Հայոց պետականության վերածնման 100-ամյակը, այս տարի մենք նշում ենք Արցախի և Հայաստանի միավորման, վերամիավորման, միասնական պետության վերածննդի 30-ամյակը, այս տարի մենք ցավով նշում ենք 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյակը, բայց միևնույն ժամանակ գալիս ենք փաստելու, որ քաղաքը, քաղաքները, մարզերը վերածնվում են այդ ամեն ինչից։ Այսօր, երբ մենք խոսում ենք Շիրակի մասին, ավելի ու ավելի քիչ ենք խոսում աղետի մասին, ավելի շատ խոսում ենք մեր զարգացման մասին, առաջընթաց քայլելով դեպի առաջ գնալու մասին։ Այն, որ 10-րդ անգամ է կազմակերպվում «Վերածնունդը», գալիս է փաստելու, որ մեր ժողովուրդը նույնիսկ ամենածանր տարիներին, լինի ծանր տնտեսական ճգնաժամ, լինի պատերազմական տարիներ, լինի բնության արհավիրք, իր փրկությունը նաև գտել է արվեստի մեջ, մշակույթի մեջ։ Շատ հաճախ, երբ խոսք է գնում մշակույթի մասին, հիշում եմ Չերչիլի հայտնի խոսքերը։

Պատերազմի տարիներին, երբ քննարկում էին Մեծ Բրիտանիայի բյուջեն, Չերչիլը բացեց բյուջեն ու հարցրեց՝ իսկ մշակույթի տողն ո՞ւր է, ֆինանսների նախարարն ասաց՝ իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ մշակույթ, Չերչիլը պատասխանեց՝ եթե մշակույթի համար չենք կռվում, բա ինչի՞ համար ենք կռվում։ Այսօր մենք մեկ անգամ ևս ցույց ենք տալիս, որ մշակույթը մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետականության հիմքերից մեկն է, խարիսխներից մեկն է, որով մենք կառչել ենք ամուր այս աշխարհից, այս քաղաքակրթությունից և գնում ենք դեպի առաջ»,-ասաց մարզպետը։

Ինչպես ընթերցում ենք «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի տարածած հաղորդագրությունից, վերջինիս կազմակերպման հիմնական նպատակը դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացումն է, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապերի ստեղծումն է, ինչպես նաև այլազգի արվեստագետներին Հայաստանի պատմությանը եւ մշակութային ժառանգության ծանոթացնելն է։ Այս առումով կարելի է ասել հենց առաջին դասը տվեց Շիրակի մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30