Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։
Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:
Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ