Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկացու արձանի տեղադրմամբ Հայաստանի մի կտոր տեղափոխվում է Վատիկան». Միքայել Մինասյան

Ապրիլ 05,2018 21:33

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել catholicnewsagency.com-ին, որում  շեշտել է Վատիկանում «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրելու կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միքայել Մինասյանն ընդգծել է, որ Գրիգոր Նարեկացին կամուրջ է հայկական եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միջև: «Նա կամուրջ է մեր երկու իրողությունների միջև, և, որ ամենակարևորն է,  կամուրջ է երկու` հայկական և արևմտյան  աշխարհների, Արևմուտքի և Արևելքի, երկրի և երկնքի միջև»,- ասել է դեսպան Մինասյանը:

Դեսպանն ընդգծել է, որ Գրիգոր Նարեկացին Հայաստանի և հայ ժողովրդի հոգևոր սահմանադրության հեղինակն է. «Նա մեր մշակույթի խորհրդանիշն է, որը միևնույն ժամանակ և հայկական, և միջազգային, և քրիստոնեական մշակույթ է»:

Միքայել Մինասյանը հավելել է, որ Գրիգոր Նարեկացին եկեղեցու իսկական էկումենիկ դոկտոր է, քանի որ երբեք կաթոլիկ չի եղել և չի եղել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամ: Նա նշել է, որ Նարեկացին «արյան էկումենիզմի» խորհրդանիշն է: Նարեկ եկեղեցին, որտեղ նա ապրել է և որտեղ նրա գերեզմանն էր, ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ:

Դեսպան Մինասյանի գնահատմամբ` Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրմամբ Հայաստանի մի կտոր տեղափոխվում է Վատիկան, քանի որ Գրիգոր Նարեկացին միշտ ներկա է հայ ժողովրդի կյանքում:

Միքայել Մինասյանը նաև նկատել է, որ Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրումը խորհրդանշական  է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առումով: «Մեր միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, սակայն, միևնույն ժամանակ, 1700-ամյակն է, քանի որ խոսքը ոչ միայն Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների մասին է, այլ նաև հայկական և կաթոլիկ աշխարհների»,- ասել է դեսպանը:

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30