Անընդմեջ տեղացող ձյուն-անձրեւի պատճառով օրերս մի հսկայական ժայռաբեկոր սարից պոկվել ու գլորվել էր ուղիղ ջրահավաքներից (կապտաժներից) ժայռերով անցնող 530 մմ տրամագծով Ագարակ-Օձուն մայր ջրատարի վրա` շարքից հանելով խողովակաշարի 7 մետրանոց մի հատված: Մինչդեռ այդ ջրագիծը սպասարկում էր Թումանյան քաղաքի, Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասերի բնակչությանն ու Հագվի գյուղի կեսին, ինչպես նաեւ Օձուն ու Այգեհատ գյուղերինը՝ ամբողջությամբ:
Վթարի հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել անջուր մնացած վերոհիշյալ համայնքների բաժանորդները, սակայն Վեոլիա ջրի «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Ալավերդի» տեղամասի մասնագետների ջանքերով խնդրին, չնայած բարդ տեղանքին, օպերատիվ լուծում գտնվեց: Մայրուղային խողովակաշարի վթարված հատվածը փոխարինվեց 7 մետր երկարությամբ պողպատե նոր խողովակով և ժամեր անց սպառողների ջրամատակարարումը վերականգնվեց:
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն