Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսահայ միության անդամների հետ։
Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության և տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները։ «Արցախի ազատագրական շարժումը օգնեց, որպեսզի հայերը գտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը»,-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը։
Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության և արտահանման ու ներմուծման հետ կապված խնդիրներին։
Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին և պարգևատրել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի հուշամեդալով։
Ապրիլի 5-ին Փարիզում նախատեսվում է հանդիպում Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորների, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների հետ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժին