Կիպրոսում ազգային փոքրամասնությունների լեզուների հետ կապված մթնոլորտը դրական է, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելացնել հայերենով հեռարձակումները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի՝ Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցում:
Դրանում նշվում է, որ չնայած բյուջետային խոչընդոտներին, զգալիորեն բարելավվել են հայերենի և Կիպրոսի մարոնիական համայնքի արաբերենի հետ կապված իրավիճակը, այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս ակտիվացնել այդ լեզուներով ուսուցումը և ավելացնել դրանցով հեռարձակումները:
Փորձագետները նկատել են, որ Կիպրոսի իշխանությունները նաև քայլեր են ձեռնարկել բարձրացնելու հայ և մարոնի փոքրամասնությունների ինքնագիտակցությունը՝ աջակցելով մշակութային իրադարձություններին: Բացի այդ, երկու փոքրամասնություններն էլ ներկայություն ունեն խորհրդարանում:
Հայերենն ուսուցանվում է նախադպրոցական տարիքում, տարրական և միջնակարգ դպրոցներում, հայերենով մեկ ռադիոհաղորդում հեռարձակվում է ամեն օր: Այնուամենայնիվ, այն չի ուսուցանվում ավագ կրթական հաստատություններում և մշտական ներկայություն չունի կիպրոսյան հեռուստատեսությունում:
Փորձագետների կոմիտեն խրախուսում է Կիպրոսի իշխանություններին շարունակել և ամրապնդել հայ և մարոնի համայնքների պաշտպանությունը՝ ուսուցիչներ տրամադրելով այդ լեզուները դասավանդելու համար և ապահովելով նրանց ներկայությունը հեռարձակվող մամուլում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ