«Փորձը ցույց է տալիս, որ հանրահավաքների ժամանակ ոստիկանական գործողությունները տեղի են ունենում գիշերը, երբ հանրահավաքի մասնակիցները իրենց գործը արած համարելով հեռանում են տուն հրապարակում մնում են քիչ թվով ցուցարարներ»,- «Իմ քայլը» արշավի ժամանակ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության դեմ պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քայլարշավի ընթացքում ինքն անգամ մեկ րոպեով իր տուն չի գնացել, նույնը պատրաստվում է անել Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքների ժամանակ: Հանրությանն էլ կոչ է անում այդպես տրամադրվել եւ ամսի 13-ից չորս օր անդադար եւ անընդմեջ մնալ Ազատության հրապարակում: Չորս օրերից երկուսը ոչ աշխատանքային են: Աշխատանքային մյուս երկու օրերի համար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գործադուլներ եւ դասադուլներ անել:
Ճանապարհի մի հատվածում Նիկոլ Փաշինյանն ի ցույց դրեց «ստահոդ պետության» եւս մեկ օրինակ. աղբ թափելու համար 20 հազար դրամ տուգանք սահմանող ցուցանակի շուրջբոլորը աղբ էր թափված: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 80 կմ իրենք անցել են եւ որեւէ տեղ աղբամաններ չեն տեսել տեղադրված: Մյուս կողմից էլ՝ նախատեց այն քաղաքացիներին, ովքեր անգամ 20 հազար դրամ տուգանքի սպառնալիքի ներքո բնությունն աղտոտում են, մինչդեռ սիրում են հոտնկայս խմել մայր բնության կենացը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ