Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չենք լքելու Բաղրամյան պողոտան»

Ապրիլ 05,2018 17:22

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, այս օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում`ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրության, քայլարշավ իրականացնող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ հայրենի ոստիկանությունում ծրագրեր են մշակում, թե ինչպե՞ս խոչընդոտել «Իմ քայլը» քայլարշավի մասնակիցների ԱԺ շենք հասնելը: Սակայն, քայլարշավի մասնակիցները ոստիկանությունից չեն թաքցնում իրենց ծրագրերը եւ տեղեկացնում են` աշխատելու են հաղթահարել ոստիկանական շղթաները եւ հասնել ԱԺ:

Այսօր քայլարշավի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերից Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչպե՞ս են հաղթահարելու ոստիկանական պատնեշները: Ասաց` բռնությամբ չեն պատասխանելու, եթե անգամ իրենց նկատմամբ բռնություն գործադրվի: «Ջաջուռի քամու նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրել, բայց հաղթահարել ենք, անձրեւի նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրել, բայց հաղթահարել ենք, մենք կարկուտի նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրել, նույնիսկ այն ժամանակ, երբ նա բռնություն էր գործադրում մեր նկատմամբ, բայց հաղթահարել ենք, ճանապարհի նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրել, բայց հաղթահարել ենք, մեր ոտքերի կոշտուկների նկատմամբ բռնություն չենք գործադրել, բայց հաղթահարել ենք… Արայիկն ասում ա, մեր ոտքերի կոշտուկների նկատմամբ ուզում ենք բռնություն գործադրել (ծիծաղում են), բայց չենք գործադրում, մեր սկզբունքներին դեմ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով, որ վերելքների, վայրէջքների, շոգի ու ցրտի նկատմամբ ոչ մի բռնություն չեն գործադրում, բայց հաղթահարում են նրանց: Սա լինելու է իրենց սկզբունքը:

«Ուզում եմ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ յուրաքանչյուր ծառայող արձանագրի`նրանցից որեւէ մեկին ոչ մի վնաս չենք հարցնելու`ոչ խոսքով ոչ գործով: Ցանկացած ոք, ով կհայհոյի որեւէ ոստիկանի, ով բռնությամբ կպատասխանի մեր նկատմամբ բռնություն գործադրողներին, մեզ հետ կապ ունենալ չի կարող»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաեւ ներկայացրեց պայքարի իրենց ձեւը. «Ձեռնարկելու ենք քաղաքացիական անհնազանդության պասիվ կոչեր, պասիվ գործողություններ: Եթե մեզնից որեւէ մեկին փորձեն բերման ենթարկել, փորձելու ենք բռնել, ամուր օղակի մեջ պահել մեր այն ընկերոջն ու փորձում են բերման ենթարկել: Մենք մեր նկատմամբ բռնություն գործադրողների նպատակի նկատմամբ ենք բռնություն գործադրելու` չենք լքելու Բաղրամյան պողոտան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Իմ քայլը» արշավի նվիրատվությունների եւ ծախսերի հաշվետվությունը: Մինչ օրս 887 հազար 110 դրամ են ծախսել`երգի ձայնագրության ստուդիա է վարձվել, ֆեյսբուքում ամսի 13-ի հանրահավաքի հրավերը գովազդով է տեղադրված: Մտադիր են հզոր բարձրախոսներ վարձել ամսի 13-ի հանրահավաքի համար, քանի որ վստահ են`հզոր հանրահավաք է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30